«Պայմանագիրը կողմերին հնարավորություն է ընձեռում ստեղծել անձանց միջպետական հետախուզման ոլորտում համագործակցության առավել արդյունավետ մեխանիզմներ»
Այսօր ՀՀ առաջին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն ԱԺ վավերացմանն էր ներկայացնում 2010թ. դեկտեմբերի 10-ին Մոսկվա քաղաքում ԱՊՀ մասնակից պետությունների նախագահների կողմից ստորագրված ԱՊՀ մասնակից պետությունների անձանց միջպետական հետախուզման մասին պայմանագիրը՝ կից վերապահումով. «Պայմանագիրը չեն ստորագրել Թուրքմենստանը, Ուկրաինան, իսկ Ադրբեջանն ու Հայաստանն այն ստորագրել են վերապահումներով»։
Նա ասաց, որ պայմանագիրը բաղկացած է 15 հոդվածից, դրա նպատակն օպերատիվ-հետախուզական, փնտրողական, տեղեկատվական-վերլուծական և այլ միջոցառումների իրականացումն է, որոնք, Հ. Պողոսյանի խոսքով՝ ուղղված են հետաքննության, նախաքննության մարմիններից կամ դատարանից թաքնվող, քրեական պատժի կրումից խուսափող անձանց հայտնաբերելուն, ձերբակալելուն և կալանավորելուն՝ հանձնման կամ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով։
«Պայմանագիրը կողմերին հնարավորություն է ընձեռում ստեղծել անձանց միջպետական հետախուզման ոլորտում համագործակցության առավել արդյունավետ մեխանիզմներ, այն է՝ հետախուզվող անձանց մասին օպերատիվ-հետախուզական, օպերատիվ-տեղեկատվական, քրեագիտական և այլ տեղեկատվության փոխանակում, կոորդինացված հետախուզական միջոցառումների պլանավորում և իրականացում, օպերատիվ-հետախուզական միջոցառումների ժամանակ գործողությունների կոորդինացման նպատակով իրավասու մարմինների համաձայնությամբ՝ կողմերի ներկայացուցիչների ծառայողական գործուղումների կազմակերպում։ Ծառայողական գործուղումների մեջ գտնվելու ժամանակ կողմերի իրավասու մարմինների աշխատակիցներին աջակցության ցուցաբերում, աշխատանքային փորձի փոխանակում, համատեղ խորհրդակցությունների, կոնֆերանսների և սեմինարների անցկացում, կադրերի պատրաստման, վերապատրաստման, որակավորման ոլորտում աջակցության ցուցաբերում»,- պարզաբանեց առաջին փոխոստիկանապետը։
Իսկ հարակից զեկույցով հանդես եկող ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ասաց, որ քննարկվող համաձայնագիրը բազմակողմ նշանակություն ունի. «Նպատակն է՝ կանոնակարգել ԱՊՀ անդամ պետությունների միջև քաղաքացիաիրավական հարաբերությունները։ Պայմանագիրը նաև կանոնակարգում է այն հարաբերությունը, որի պարագայում՝ եթե անդամ պետությունը կամ հայտ ներկայացնող պետությունը գտնում է, որ տվյալ անձի նկատմամբ հետախուզումը պետք է լինի գաղտնի ռեժիմով, դա ևս պայմանագրի կողմ հանդիսացող պետությունները պարտավորվում են ապահովել։ Պայմանագրի կիրառման ժամանակահատվածն անժամկետ է, այն բաց է, նախատեսված են նաև պայմանագրից դուրս գալու մեխանիզմները՝ համաձայն որոնց՝ առնվազն 6 ամիս առաջ անդամ-պետությունը հայտնում է պայմանագրից դուրս գալու, իր պարտավորությունները դադարեցնելու մտադրությունների մասին»։
Պատգամավոր Թևան Պողոսյանն Արտակ Զաքարյանից հետաքրքրվեց՝ վիճակագրություն կա՞, թե նմանատիպ ինչքան դեպքեր կան, որ այդ խնդիրներին հանդիպել ենք, ու պայմանագրի ստորագրումից հետո ԱՊՀ երկրների տարածքում ավելի արդյունավետ կլինի հետապնդումը կամ մեր քաղաքացիներին օգնելը. «Մեր հանրության մեջ տեղեկություններն ավելի շատ այն մասին են, որ մեր քաղաքացիներին այլ երկրներում ճնշում են, իսկ մենք չենք կարողանում պաշտպանել, բայց դրա հետ միասին՝ քանի՞ դեպք մենք ունենք, որ այլ երկրներն են դիմել մեզ մոտ հետախուզություն անելու համար, կամ մենք քանիսի՞ն ենք դիմել։ Միգուցե մեզ մերժել են, ու իմաստ կա այս պայմանագիրը ստորագրելու»։
Ա. Զաքարյանը պատասխանեց, որ նման վիճակագրություն կա. «Հարցը ծավալուն է, ու այդքանը չեմ կարող ներկայացնել, բավականին մեծ հետազոտությունների արդյունք եք պահանջում։ Այս համաձայնագիրը ոչ թե ենթադրությունների հիման վրա է ծնվել, այլ ծնվել է՝ իրական կյանքում տեղի ունեցող անհրաժեշտություններից ելնելով»։