Ռուսաստանը հերքում է իր առնչությունը Սիրիայում ավիահարվածի հետևանքով երեխաների սպանությանը
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է ռուս և սիրիացի զինվորականների առնչությունը Սիրիայի Իդլիբ նահանգի դպրոցին հասցված ավիահարվածին, ինչի հետևանքով սպանվել էր 22 երեխա և 6 ուսուցիչ, հայտնում է RIA Novosti-ն։
«Դա սուտ է։ Ռուսաստանն առնչություն չունի այդ սարսափելի ողբերգությանը և այդ սարսափելի հարձակմանը։ Այդ ողբերգությունը պահանջում է միջազգային կառույցների անհապաղ միջամտությունը»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա խոստացել է, որ այն բանից հետո, երբ կուսումնասիրվեն տվյալները, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարություն կանի։
Զախարովան ընդգծել է, որ օտարերկրյա մամուլը, մասնավորապես բրիտանական Independent-ը, այդ հայտարարությունն արել են՝ առանց տեղացիների ու ակտիվիստների տվյալների հրապարակման։
Երեխաների սպանության փաստը հաստատել էր ՅՈՒՆԻՍԵՖ-ը։
Նշվել է, որ ռմբակոծությունից տուժել էր Իդլիբ նահանգում ապստամբների վերահսկողության տակ գտնվող գյուղը։
«Դա ողբերգություն է։ Դա բռնություն է։ Ու եթե հարվածը հասցվել է նպատակաուղղված, դա ռազմական հանցագործություն է»,- ասվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության կայքում։
Նրա խոսքով՝ դա կարող է դառնալ ամենաարյունալի հարձակումը դպրոցի վրա Սիրիայի պատերազմի ողջ ընթացքում։