
Կառավարությունը դեմ է Միքայել Մելքումյանի նախագծին

ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ազատ տնտեսական գոտու շահագործող համարվող անհատ ձեռնարկատերերի՝ ԱՏԳ-ում գործունեության ընթացքում դրա շահագործումից ստացված եկամուտները եկամտային հարկով հարկման առումով համարվում են նվազեցվող եկամուտներ և չեն հարկվում եկամտային հարկով:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ ՀՀ հարկային օրենսգրքով վերանայվել են ձեռնարկատիրական եկամուտների շահութահարկով հարկման մոտեցումները: «Մասնավորապես, սահմանվել է, որ շահութահարկով հարկվում են ոչ միայն կազմակերպությունների կողմից ստացվող ձեռնարկատիրական եկամուտները, այլ նաև անհատ ձեռնարկատերերի կողմից ստացվող եկամուտները:
Միաժամանակ, վերոնշյալ փոփոխությունների արդյունքում միասնականացվել են նաև ազատ տնտեսական գոտիների շահագործումից ստացված եկամուտների հարկման մոտեցումները և սահմանվել, որ շահութահարկի վճարումից ազատվում են ազատ տնտեսական գոտու շահագործող համարվող շահութահարկ վճարողները (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերը)՝ ՀՀ տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամտի մասով»,- ասաց նախարարը: