
«Խնդրում եմ բոլորին մաքսիմալ ուշադիր մոտենալ և պատրաստվել». Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստից առաջ հայտարարեց, որ հոկտեմբերի 31-ից ԱԺ հանձնաժողովներում սկսվելու են բյուջեի նախագծի քննարկումներրը: Նա նշեց, որ կարևորում է, որպեսզի ոլորտների վերաբերյալ ներկայացումները լինեն ավելի շատ ծրագրային բյուջետավորման ձևաչափով և բխեն կառավարության կողմից ներկայացված ծրագրային դրույթներից:
«Մասնավորապես, անհրաժեշտ է պատգամավորներին և հանրությանը հասկանալի լեզվով ներկայացնել այն մոտեցումներն ու սկզբունքները, որոնց ներքո ձևավորվել են ձեր ոլորտի բյուջեները: Երկրորդը՝ անհրաժեշտ է հատկացված ֆինանսավորումը ներկայացնել՝ ելնելով իրականացվելիք ծրագրերի որակական և քանակական արդյունքներից ու ցուցանիշներից, որպեսզի հնարավոր լինի պատկերացում կազմել դրանց նպատակի և անհրաժեշտության մասին: Խնդրում եմ բոլորին մաքսիմալ ուշադիր մոտենալ և պատրաստվել»,- ասաց Կարեն Կարապետյանը: