
Վրացական շուկան բաց է հայ գործարարների ներդրումների համար. Գիորգի Սագանելիձե

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունեց ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Ողջունելով դեսպանին՝ Վարդան Արամյանը նշեց, որ Հայաստանի և Վրաստանի միջև առանձնահատուկ գործընկերային համագործակցություն է ձևավորված բոլոր ոլորտներում, հարկվար է լրացուցիչ ջանքեր ներդնել երկկողմ տնտեսական ցուցանիշները բարելավելու ուղղությամբ: «Հայաստանն ու Վրաստանը ընկալվում են որպես ներդրումային մեկ ամբողջական տարածք, և շատ կարևոր է երկու երկրների դիվանագիտական բարձր մակարդակի հենքի վրա մշակել գործակցության ծրագրեր, որոնք կխթանեն ներդրումները տարածաշրջանում»:
Դեսպան Գիորգի Սագանելիձեն, ընձեռված հանդիպման համար շնորհակալություն հայտնելով, ընգծեց, որ վրացական շուկան բաց է հայ գործարարների ներդրումների համար, և որ Վրաստանի կառավարությունը լիովին աջակցում է համատեղ ձեռնարկությունների նախագծերին. «Մենք երկու փոքր երկրներ ենք և ունենք շատ ընդհանրություններ, ինչը հնարավորություն է տալիս փորձի լայն փոխանակման երկկողմանի ներդրումային ծրագրերի իրագործման համար»:
Հանդիպմանը անդրադարձ եղավ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրներին: Մասնավորապես՝ Բագրատաշենի կամրջի շինարարության կազմակերպչական աշխատանքները արագացնելու վերաբերյալ ընդգծվեց երկուստեք պատրաստակամություն, ինչպես նաև խոսվեց Լարսի ավտոճանապարհի ռիսկերի նվազեցման և այդ ուղղությամբ գործնական այլընտրանքային քայլեր ձեռնարկելու մասին. «Ցավոք, տարվա կտրվածքով մի քանի անգամ առաջանում են տեղաշարժման և բեռնափոխադրման խոչընդոտներ, որոնք նվազագույնի հասցնելու համար մենք պետք է մշակենք համատեղ միջոցներ. մենք պատրաստ ենք»:
Նախարարը նաև հայտնել է պատրաստակամություն Վրաստանում կենսաթոշակային բարեփոխումների գործընթացին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու հարցում: