Բաժիններ՝

«Դուք այդ ծրագրին ծանո՞թ եք». Կարեն Կարապետյանը՝ Մհեր Շահգելդյանին

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ հարցով դիմեց կառավարությանը։

«Իմ տվյալներով՝ 2015 թվականին «Նաիրիտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից կառավարությանն է  ներկայացվել համապատասխան ծրագիր՝ ռազմավարություն, և այդ ռազմավարության մեջ առաջարկվում է  ճանապարհներ ներդրումների ներգրավման համար։ Սա կարևոր մոտեցում է, հնարավոր է նաև ներդրողների հետ աշխատել։ «Նաիրիտի» ծրագրի հետ կապված ինչպիսի՞ն է կառավարության դիրքորոշումը»,- հարցրեց ՕԵԿ պատգամավորը։

«Չէի ուզենա հարցին հարցով պատասխանել, բայց Դուք այդ ծրագրին ծանո՞թ եք։ Բոլոր այն ծրագրերը, որ գալու են կառավարություն՝ «Նաիրիտի» հետ կապված, պայմանավորվել ենք մեր գործընկերների հետ, այդ թվում՝ Աշոտ Գրիգորյանի հետ, մեր կայքում տպելու ենք, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի կարողանա ծանթանալ՝ այդ ծրագիրն ինչի մասին է։ Մամուլում հայտարարություն  անել, որ՝ ես ունեմ ծրագիր «Նաիրիտի» վերաբերյալ, մենք չենք կարող այդ գոյություն չունեցող ծրագրին պատասխանել։ Դուք եթե ցանկություն ունենայիք, կարող էիք մեզանից պահանջել այդ ծրագիրը, որպես մասնագետ գնահատեիք՝ ինչքանով է արդիական, կիրառական, իրագործելի, ու գուցե այդ հարցադրումն էլ չլիներ՝ արձագանքելո՞ւ ենք դրան, թե՞ ոչ»,- ի պատասխան՝ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Մ. Շահգելդյանը նշեց, որ ինքը ծանոթ է այդ ծրագրին, խոսել է հեղինակների հետ, բայց ժամանակը քիչ է, որ իր մոտեցումը հայտնի։ Նա առաջարկեց աշխատանքային խումբ կազմվի՝ անդրադարձ անելու այդ հարցերին։

«Աշխատանքային խումբ կառավարությանը պե՞տք է ստեղծել «Նաիրիտի» և նման ծրագրերի համար, ո՛չ,  մեր դիրքորոշումը «Նաիրիտի» վերաբերյալ ասել եմ, եթե լինի լավ առաջարկ, կհրավիրենք բոլոր շահագրգիռ կողմերին ու շատ բաց, թափանցիկ կքննարկենք։ Աշխատանքային խումբ պետք չէ դրա համար ստեղծել, որովհետև մենք ունենք կառավարություն, հստակ պատասխանատուներ,  ովքեր դրան յուրաքանչյուրն իր մասով կպատասխանի»,- նշեց վարչապետը։

Անի Քեշիշյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս