«Հենց այնպես ես քաղաքականություն մտնող չեմ». Գագիկ Ծառուկյան
Այսօր «Երևան Էքսպո» կենտրոնում բացվել է «Էքսպո-Ռուսաստան, Հայաստան և Իրան» միջազգային ցուցահանդեսը: Ցուցահանդեսի կարմիր ժապավենը կտրեցին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, «Մուլտի գրուպ կոնցեռնի» հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, «Էքսպո-Ռուսաստան, Հայաստան և Իրան» միջազգային ցուցահանդեսի կազմկոմիտեի նախագահ Դավիթ Վարդանովը:
Գ. Ծառուկյանը ցուցահանդեսի պաշտոնական արարողությունից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:
«Հարգում եմ, գնահատում եմ, և ամենակարևորը՝ մի բան ասեմ, որ պարոն վարչապետն ինքը գիտի՝ ինչ է անում, դուք անհոգ եղեք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Հարցին՝ եթե գրքի էջը բացվի, նորից իշխանափոխությո՞ւն եք անելու, նա պատասխանեց.
-Երբ անհրաժեշտությունը եղավ, դրա կարիքը եղավ, քաղաքականության մեջ մարդիկ մտնում են երևալու, պաշտոն ձեռք բերելու, դուք ինձնից լավ գիտեք՝ ես դրա կարիքը չունեմ։ Ես հիմա այն զբաղմունքին եմ, որ հիմա նորից այդ ծանրության տակ մտնեմ… Նորից եմ ասում՝ այն, ինչ անհրաժեշտ է ժողովրդի, երկրի բարեկեցությանը, զարգացմանը… Ես Հարվարդ չեմ ավարտել, ես զրոյից կայացել եմ, ձեռքս պուլսի վրա է, ամեն ինչ զգում եմ։ Անգիր արած բառեր չեմ ասում։ Իրականում, ինչ ասել եմ տնտեսության համար, դուք կարող եք լիարժեք բացել 2009թ. Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը։ Տնտեսական ճգնաժամի ժամանակ հարկերը չեն ավելացնում, պահանջները չեն խստացնում։ Հակառակը՝ թեթևացնում են, հնարավորություն են տալիս, որ մարդիկ գոնե կարողանան գոյատևել, ապրել, որովհետև, եթե նրանց խստացնում ես, փակվում են, գործազրկություն է լինում, արտագաղթ է լինում։ Ասել եմ՝ բանկային համակարգերը լոմբարդներ են։
Այսօր Հայաստանում որ քաղաքացին դիմեց բանկային համակարգին՝ սնանկանում է։ Բայց դա ստեղծված է, որ ժողովրդին բարեկեցություն տա, մարդուն հնարավորություն տա՝ փող ձեռք բերի, կարողանա աշխատի՝ և՛ բանկը պահի, և՛ իր ընտանիքը պահի։ Գյուղատնտեսությունը, բոլոր ոլորտներով հատ-հատ, փոքր ու միջին բիզնեսը ասեմ, որ համապատասխան մենք պետք է իրենց հարկերից ազատենք… Եթե Ծառուկյանը կարողանում ա 2000 հատ խանութ տրամադրել փոքր ու միջին գործարարին՝ մի տարի, երկու տարի, երեք տարի անվճար, որ մարդը կարողանա շնչի…»,- ասաց նա:
Լրագրողներից մեկի դիտարկումը՝ առևտրականներն առևտրի կենտրոնի իրենց խանութներն իրենք են կառուցել, Գ. Ծառուկյանին զայրացրեց.
«Բա մնացա՞ծն ով է կառուցել։ Տղա ջան, ես եմ կառուցել, ու ով քեզ պատրաստված ուղարկել է այստեղ՝ ամոթ քեզ… 5 միլիոնն ո՞վ ա դրել։ Մարդն իր համար իր ռեմոնտը կատարել է։ Տեսնո՞ւմ ես, դու արդեն «մուտիլովշչիկ» ես։ Դրա համար քո երեսից, էսօր ժողովուրդը եթե 90 տոկոսով տոկոսների տակ ա, հենց քո ուղարկողն ա… Բայց Ծառուկյանն այս ժողովրդի համար մտածող, ամեն օր կատարող, իր վաստակած գումարից ժողովրդին հատկացնող. ցանկացած ոլորտ՝ արվեստ, մշակույթ, կրթություն, գիտություն, սպորտ, ո՞րն ասեմ»։
Հարցին՝ հստակ պատասխանեք, եթե գրքի էջը բացվի, իշխանափոխությո՞ւն եք անելու, Գ. Ծառուկյանը պատասխանեց.
«Ես քո հարցին չեմ պատասխանելու։ Դու պատրաստված «շպիոն» ես, որ եկել ես ստեղ։ Տղա ջան, էսօր կա՞ մեկը, որ 2000 հատ խանութ պատրաստի, մարդկանց 3 տարով ձրի տա…»։
«Պարոն Ծառուկյան, Ձեր հայտարարությունն էր, որ համատեղ է կառուցվել»,- նկատեց հարցը հնչեցնող լրագրողը։
«Համատեղ չի կառուցվել, տղա ջան, ես կառուցել եմ, իրենք ռեմոնտ են արել։ Ինքն իր տեղը չգա՞ ռեմոնտ անի, եղբայր։ Քո բարեկամը եթե կարիքի մեջ լինի, հոսանքի փողը չես տա, քո դեմքին եմ ասում… Բայց ես 2000 ընտանիքի, որ ամեն մեկը տասը մարդ ա պահում, ոչ թե ասել եմ՝ մի տարի, երկու, այլ՝ երեք տարի, ձեր ցավը տանեմ, աշխատեք»։
Հարցին՝ ի՞նչ նկատի ունի՝ կարկառուն գործիչ ասելով, Գ. Ծառուկյանը պատասխանեց.
«Ուրեմն, մեր տան մոտ անընդհատ հավաքվում են, զանգում են, ասում են, չգիտեմ՝ ով ինչ ա մտածում, ինչ են անում, եկել են իմ կուսակցության տարբեր տարածքի պատասխանատուներ՝ ինձ էլ են դիմում, կնոջս էլ են դիմում, մայրիկիս էլ, ընկերներիս էլ, նամակներ են ուղարկում իմ կուսակցական ընկերներին՝ որ ժողովուրդը, Ծառուկյան ջան, ուզում ա՝ գաս, քո կարիքն ունի, նրանք ձեզ հավատում են, վստահում են։ Ես ասել եմ՝ երբ գա ժամանակը, ես կասեմ։ Հենց այնպես ես քաղաքականություն մտնող չեմ։ Էսօր իմ հարգանքն ունեմ, ճանաչումն ունեմ աշխարհով մեկ։ Դրսում Ծառուկյանին ավելի շատ են հարգում, սիրում՝ որպես մարդ, քանց թե մեր որոշ «մուտիլովշչիկներ», որոնք, իմանալով՝ Ծառուկյանը նրանց կպատժի, երկու անգամ զգուշացրել եմ, որովհետև նրանք ժողովրդի արյուն ծծող են։ Ժողովուրդն այսօր այդ օրին է հենց իրենց երեսից։ Անունները դուք մտածեք։ Դուք կարող եք սայթերից տեղեկանալ կարկառուններին»։
Պատրաստեց Ռազմիկ Մարտիրոսյանը