Բաժիններ՝

«Այո, դա պետության համար լրացուցիչ ծախսեր նախատեսում է». Փոխնախարարը՝ Մինսկի համաձայնագրի մասին

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է 2006 թվականի նոյեմբերի 28-ին Մինսկում ստորագրված «Քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը։

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը նշեց, որ համաձայնագրի նպատակն է՝ ապահովել քրեական դատավարության մասնակիցների իրավունքները, նրանց ֆիզիկական անվտանգությունը։ Նրա խոսքով՝ համաձայնագիրը պետք է կիրառվի այն դեպքերում, երբ պաշտպանող անձանց նկատմամբ համապատասխան պաշտպանության միջոցները չեն կարող ապահովել այն պետությունում, որը հայցում է նմանատիպ աջակցություն համաձայնագրի մասնակից այլ պետությունից։

«Համաձայնագրով հստակ սահմանվում է այն անձանց շրջանակը, ում կարող է տրամադրվել համապատասխան աջակցությունը։ Խոսքը վերաբերում է քրեական դատավարության հետևյալ մասնակիցներին՝ տուժող, վկա, մասնավոր մեղադրող, կասկածյալ, մեղադրյալ, արդարացված, նրանց պաշտպանները, փորձագետներ, թարգմանիչը, ենթական, ինչպեսև համաձայնագրի մասնակից պետության օրենսդրության համապատասխան պաշտպանության ենթակա այլ անձինք։ Պաշտպանության միջոցների կազմակերպման և իրականացման ամբողջ գործընթացը  պետք է իրականացվի գաղտնիության պայմաններում, գաղտնիության աստիճանն էլ սահմանված է, որ պետք է որոշվի մասնակից պետությունների միջև խորհրդակցությունների միջոցով»,- նշեց փոխնախարարը։

Վ. Քոչարյանը նշեց, որ վավերացմանը ներկայացված համաձայնագիրը լիովին համապատասխանում է մեր օրենսդրության մեջ ամրագրված այս խնդրի վերաբերյալ առկա մոտեցումներին։ Նրա խոսքով՝ համաձայնագրի կիրառումը նոր հնարավորություններ կստեղծի հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման և քրեական դատավարության նպատակների իրագործման համար։

Կարդացեք նաև

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե երբ մենք վավերացնենք սա, այն լրացուցիչ ֆինանսական միջոցների օգտագործում ենթադրո՞ւմ է, թե՞ ոչ։

«Համաձայնագրով հստակ սահմանված է, որ համապատասխան ծախսերը կրում է  հայցող պետությունը, այսինքն՝ այն պետությունը, որ խնդրում է այլ պետությունից, որ համապատասխան անձանց պաշտպանությունը իրականացնեն։ Այո, դա պետության համար լրացուցիչ ծախսեր նախատեսում է, ինչը պետք է հաշվի առնի այլ պետություններին դիմելուց»,- պատասխանեց փոխնախարարը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս