
«Նիկոլը ե՞րբ է ճիշտ բան ասել, որ հիմա ասի». Սամվել Ալեքսանյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ են Մոսկվայում ՀՀ քաղաքացի Արմեն Իսրայելյանի սպանության հետ կապում իր անունը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Սամվել Ալեքսանյանը, անդրադառնալով հարցին, թե իր հասցեին մեղադրանքներ են հնչում, ասաց. «Ի՞նչ մեղադրանքներ, ինչի՞ համար պետք է ինձ հետ կապվի: Նիկոլը ե՞րբ է ճիշտ բան ասել, որ հիմա ասի»:
Սամվել Ալեքսանյանը նաև պնդեց, թե ինքն Արմեն Իսրայելյան անունով գործընկեր չի ունեցել:
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովի նիստի ընթացքում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Մոսկվայում ՀՀ քաղաքացի Արմեն Իսրայելյանի և նրա ընկերոջ սպանության վերլուծությունները բերում են ՀՀ Ազգային ժողով՝ հաշվի առնելով, որ Արմեն Իսրայելյանը պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակիցն է եղել, իսկ մի քանի ամիս առաջ նրան մեղադրել էր իրեն առևանգելու մեջ: