«Ասում եք՝ կառավարությունը դրական վերաբերմունք ունի, դա իսկի էլ այդպես չէ». Գալուստ Սահակյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստի մեկնարկին ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ուրբաթ օրն Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական  հանձնաժողովը դրական եզրակացությամբ քառօրյա օրակարգ ներառեց ԲՀԿ խմբակցության և «Ժառանգության» իրենց գործընկերոջ կողմից մշակված՝ Հյուսիսային Իրաքում 2014 թվականից սկսած և առ այսօր շարունակվող եզդիների հանդեպ ցեղասպանական գործողությունների վերաբերյալ ԱԺ հայտարարությամբ գնահատական տալու տեքստը։

Ն. Զոհրաբյանը հորդորեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեքստը քննարկել այսօր կամ վաղը։

«Ես տեղյակ եմ ամեն ինչին և ես ինքս կորոշեմ՝ որ օրինագիծը երբ կդրվի։ Իսկ «Նաիրիտի» վերաբերյալ ասեմ՝ շատ լավ կլինի՝ լսումներ կազմակերպենք, որովհետև երեկ էլ հայտարարեցիք, որ  կառավարությունը դրական վերաբերմունք ունի, հանձնաժողովը դրական վերաբերմունք ունի, դա իսկի էլ այդպես չէ, դրա համար լսումներ կկազմակերպենք, կառավարությունն էլ կլինի, նոր հետո կդնենք ԱԺ նիստին»,- հայտարարեց Գ. Սահակյանը։

Ն. Զոհրաբյանի խոսքով՝ եթե նախարարն իր հետ խոսում է և ասում է՝ իրենց վերաբերմունքը միանշանակ դրական է, հետո կառավարությունը փոշմանում է իր վերաբերմունքի մեջ, այստեղ խնդիրը ԲՀԿ-ի մեջ չէ, կառավարության մեջ է. «Որը թող հստակեցնի իր դիրքորոշումը՝ կո՞ղմ է, դե՞մ է, թե՞ ձեռնպահ է։ Նախարարն ինձ հետ զրույցում ասել է, որ իրենք կողմ են, հիմա, եթե դա ասել է՝ առանց տեքստը կարդալու, հետո կարդացել են ու վերապահում ունեն, այդտեղ խնդիրը հաստատ իրենց մեջ է»։

«Ես էլ եմ գտնում, որ իրենց մեջ կլինի, բայց նաև իրենց ուղարկած տեղեկությունն այնպիսին է, որը հիմնավորապես չի գնահատում այդ աշխատանքը»,- արձագանքեց Գ. Սահակյանը։

Տեսանյութեր

Լրահոս