«Հորդորում եմ հարցը չգլորել քառօրյայից քառօրյա». Նաիրա Զոհրաբյան

«Կառավարությունը զարմանալիորեն դրական եզրակացություն է տվել ԲՀԿ խմբակցության ներկայացրած «Նաիրիտ» գործարան փակ բաժնետիրական ընկերության գործունեության և կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու մասին օրենքի նախագծին»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ ինքը տեղեկացել է, որ չի նախատեսվում այս քառօրյային այդ նախագծի քննարկումը. «Եթե նպատակը դրական եզրակացություն տալն էր և գլորելով  քառօրյայից քառօրյա տեղափոխելն է, չեմ կարծում, որ սա ճիշտ մոտեցում է։ Այս հարցը պետք է քննարկվի, ու հարցին հստակ լուծում տրվի։ Հորդորում եմ՝ հարցը չգլորել քառօրյայից քառօրյա։ Հորդորում եմ՝ այս քառօրյայում հարցը դնել քննարկման»։

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Բադասյանի՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակբոյանի վերաբերյալ հայտնի հայտարարությանը. «Նա Մ. Հակոբյանին մեղադրանքներ է  ներկայացրել բանակի մատակարարումների ոլորտում կոռուպցիոն  ներգրավվածության մասին: Ըստ պարոն Բադասյանի՝ Մովսես Հակոբյանը կոռուպցիոն չարաշահումներ է թույլ տվել։ Կառավարությունը պետք է հատուկ ուշադրություն ներկայացնի այս խնդրին ու Ազգային ժողովում պարզաբանմամբ հանդես գա։ Ճիշտ է,   ՊՆ-ի խոսնակը մեկնաբանություն տվել է, բայց պարոն Բադասյանը պնդում է իր հայտարարությունը»։

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ անդրադարձավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի՝ մենաշնորհների վերաբերյալ ԱԺ լսումներ կազմակերպելու առաջարկին. «Ուրբաթ օրը տեղի է ունցել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը,  որտեղ քննարկվում էր նաև տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2017 թվականի ծրագիրը, Խոսրով Հարությունյանի առաջարկով  պետք է տեղի ունենան լսումներ, նոր մենք ծրագիրը քննարկենք»։

Լ. Զուրաբյանն էլ ասաց, թե ուրախ է, որ Տնտեսական հարցերով հանձնաժողովն այդ հարցը քննարկել է ու լսումներ է ցանկանում անցկացնել. «Կարծում եմ՝ այդ լուսմների կարգավիճակը պետք է բարձրացնել ԱԺ նախագահի կողմից հրավիրվող լսումների»։

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ հայտարարեց, որ համաներման ակտի անհրաժեշտություն կա, որովհետև հազարավոր բանտարկյալներ այսօր սպասում են դրան. «Համաներման ակտին են սպասում նաև մեր քաղաքական հալածյալների հարազատները, թեպետ ես չեմ  կարծում, որ մենք իրենց պետք է ազատ արձակենք համաներման ակտով, բայց, այնուամենայիվ,  համաներման ակտի կարիքը կա, ու հորդորում եմ ձեզ արագ դիմել ձեր նախագահին, կառավարությանը, որ  համաներման ակտի նախագիծը ներկայացվի ժողովրդին»։

Տեսանյութեր

Լրահոս