Բաժիններ՝

35 մլն դոլար առևտրաշրջանառությունը ամենևին չի արտացոլում ԵԱՏՄ անդամ երկու պետությունների իրական ներուժը. Վարդան Արամյան

Հոկտեմբերի 25-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:

Կարևորելով հայ-բելառուսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ նախարարն ընդգծել է, որ 35 միլիոն ամերիկյան դոլար առևտրաշրջանառությունը ամենևին չի արտացոլում ԵԱՏՄ անդամ երկու պետությունների իրական ներուժը. կան բոլոր նախադրյալները՝ ԵԱՏՄ-ի մեխանիզմների օգտագործմամբ զարգացնելու փոխադարձ ապրանքաշրջանառությունը:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար` դեսպան Իգոր Նազարուկը շնորհավորել է Վարդան Արամյանին ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվելու առիթով և հայտնել իր պատրաստակամությունը համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու հարցում: Անդրադառնալով հայ և բելառուս ժողովուրդների արժեհամակարգային ընդհանրություններին՝ դեսպան Իգոր Նազարուկը նշել է, որ առկա տնտեսական ներուժի ոչ լիարժեք օգտագործման հարցում համամիտ է նախարար Արամյանի հետ և վստահ է, որ համատեղ աշխատանքի ընթացքում կգտնվեն առավել արդյունավետ ու փոխշահավետ լուծումներ, որոնք թույլ կտան ապահովել տնտեսական ցուցանիշների աճն ու աշխուժացնել երկկողմանի ներդրումները:

Զրուցակիցները հատկապես անդրադարձել են Հայաստանում պահանջարկ ունեցող բելառուսական գյուղտեխնիկայի և քաղաքային տրանսպորտային միջոցների արդիականացված նմուշների՝ առաջիկա թողարկման հեռանկարին: Բելառուսական կողմը առաջարկել է քննարկել արտահանման վարկային ծրագրերից օգտվելու հնարավորոթյունները:

Վարդան Արամյանը կարևորել է փոխշահավետ գործակցության ապահովման, արտահանման շուկաների ընդլայնման անհրաժեշտությունը, ինչպես նաև գործարարներին տեխնիկական խոչընդոտներից պաշտպանելու մոտեցումը, ինչ էլ հենց Եվրասիական միացյալ տնտեսական գաղափարի հիմքում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս