
Հարկային արտոնություն՝ «Սյունիք ֆուդ» ընկերությանը

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Սյունիք ֆուդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2016 թվականի հոկտեմբերի 13-ից մինչև 2017 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը կհետաձգվի ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 27-ի նիստի օրակարգում։
Ինչպես նշվում է հիմնավորման մեջ, ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսում է Սյունիքի մարզում զբաղվել մրգի և բանջարեղենի պահածոների վերամշակմամբ՝ պահպանելով մթերքների բնական համն ու հոտը։
Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 1,35 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 400 մլն ՀՀ դրամը, որն էլ իր հերթին պետք է իրականացնի մի քանի փուլերով։ Ընկերության առաջին փուլի սարքավորումների ներմուծումը կկազմի շուրջ 71 մլն ՀՀ դրամ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախատեսվող սարքավորումների և կառուցվածքների ներմուծումը պայմանավորված է կատարվելիք աշխատանքների լայնածավալությամբ ու բարդությամբ, սարքավորումների մեծ մասի ԱՏԳ ԱԱ ծածկագրերի հստակեցմամբ՝ հայտնում ենք, որ նշված ներդրումային ծրագրի շրջանակներում սարքավորումների և կառուցվածքների ներմուծումն իրականացվելու է փուլ առ փուլ։
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 210 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2017թ.– 127 հազ. ՀՀ դրամ, 2018թ.- 138 հազ. ՀՀ դրամ և 2019թ.-180 հազ. ՀՀ դրամ: