«ՀԱԿ-ը ճգնաժամի մեջ է». Էդուարդ Շարմազանով

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և իշխանափոխություն իրականացնելու մասին ՀԱԿ-ի հայտարարությանն ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հումորով է վերաբերվում:

«Իրանք իրա՞նց մեջ, ուզում են Լևոն Զուրաբյանին փոխե՞ն, ուրիշի՞ն դնեն ֆրակցիայի նախագահ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Է. Շարմազանովը` ի պատասխան հարցի, թե ինչպե՞ս է վերաբերվում ՀԱԿ-ի հայտարարությանը:

168.am-ի հարցին, թե ՀՀԿ-ն ինչպե՞ս է վերաբերվում իշխանությունից հեռանալուն, պատասխանեց.

«Եթե ժողովուրդը որոշի՝ հեռանանք՝ կհեռանանք, ի՞նչ է եղել: Քաղաքականության մեջ ընտրությունների միջոցով են ձևավորվում ընդդիմությունն ու իշխանությունը: Անկախ ՀԱԿ-ի ու իշխանության ցանկությունից, անկախ «Բարգավաճի» ու «Վերածնունդի» ցանկությունից, անկախ նոր բացված կուսակցությունների ցանկություններից և տարբեր ներկա, նախկին պաշտոնյաների ամբիցիաներից, ժողովուրդը, հանրությունն իր ընտրությամբ կորոշի` ո՞վ կմնա իշխանության, եթե կմնա, ո՞վ կգա իշխանության, ո՞վ կլինի ընդդիմություն»:

Նա վստահեցրեց, որ նախորդ բոլոր ընտրություններում, թեև թերություններ եղել են, բայց ժողովուրդն է կատարել ընտրությունը:

Է. Շարմազանովը հայտարարեց, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ մի լուրջ ընտրազանգված ձայն չտվեց ՀՀԿ-ին, այլ ձայն տվեցին ԳԱԼԱ-ին, «Բարգավաճին», «Լուսավոր Հայաստանին», բայց ՀԱԿ-ին ձայն չտվեցին, ինչը ցույց է տալիս, որ ՀԱԿ-ը ճգնաժամի մեջ է. «Նախ՝ քո մեջ պետք է խնդիրը տեսնես, հետո հայտարարություն անես»:

Ըստ Շարմազանովի` միանում են նրան, ով ամենաազդեցիկն է` թե՛ իշխանության, թե՛ ընդդիմադիր դաշտում, իսկ այս պահին ո՛չ «Համախմբումը», ո՛չ ՀԱԿ-ն ընդդիմության ամենաազդեցիկ ուժը չեն:

Մեր հարցին, որ, եթե բոլոր ընդդիմադիրները միավորվեն, ՀՀԿ-ի շանսերն ինչպե՞ս է գնահատում` Շարմազանովը պատասխանեց.

«Մշուշոտ է, որ բոլոր ընդդիմադիր ուժերը միավորվեն, որովհետև այսօր արդեն ընդդիմադիր ուժերից գոնե մեկը հայտարարել է, որ չի պատրաստվում միավորվել ՀԱԿ-ի հետ: Ըստ նրա` ընդդիմադիրները չպետք է միավորվեն գեղեցիկ վարսահարդարման շուրջ, այլ պետք է միավորվեն գաղափարի շուրջ, իսկ ընդդեմ իշխանության, ոչ թե հանուն գաղափարի, այդ ընդդիմությունը եթե անգամ հասնի հաջողության, հետընտրական պրոցեսներում փոշիանալու է»:

Տեսանյութեր

Լրահոս