Բաժիններ՝

Մոուրինիոյի հերթական զո՞հը, թե՞ դեպքերի անհաջող ընթացք. միջազգային մամուլը կրկին խոսում է Մխիթարյանի մասին

Հենրիխ Մխիթարյանը կրկին չի հայտնվում անգլիական  «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում: Ո՞րն է սրա պատճառը՝ ոչ ոք չի հասկանում:

Մխիթարյանը սեպտեմբերի 10-ից ապաքինվում է վնասվածքից: 40 օրից ավելի է, ինչ  հայ ֆուտբոլիստը վերականգնվում է վնասվածքից,  որի բուժման համար առավելագույն ժամկետը 20 օրն էր: Ակումբի գլխավոր մարզիչը նշում է,  որ Հենրիխը վերականգնվել է վնասվածքից, սակայն դեռ չունի համապատասխան մարզավիճակը: Սակայն, ինչպե՞ս պետք է մարզավիճակ ունենա  ֆուտբոլիստը, եթե չի խաղում: Այս հարցի պատասխանը փորձել են գտնել մի շարք միջազգային պարբերականներ, որոնք մեկը մյուսի հետևից վերլուծում են Մխիթարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն Անգլիայում:

Manchester Evening News-ի լրագրող Ռոբ Դոուսոնի կարծիքով՝ Հենրիխի շուրջ տեղի ունեցողը չպետք է զարմացնի երկրպագուներին:

Ըստ լրագրողի՝ «Փյունիկից» «Մանչեսթեր Յունայթեդ» թռիչքը շատ սրընթաց էր, սակայն այդ ճանապարհն այնքան էլ հեշտ չէր Մխիթարյանի համար:

Կարդացեք նաև

«Շախտյորում», օրինակ, Մխիթարյանը շատ դժվար հարմարվեց թիմի խաղային փիլիսոփայությանը: Միայն այն բանից հետո, երբ Միրչա Լուչեսկոն գտավ Մխիթարյանի համար ճիշտ դիրքը, նա կարողացավ 25 գոլ խփել 29 խաղում: Դրանից հետո Դորտմունդի «Բորուսիան» 20 մլն ֆունտ վճարեց հայ ֆուտբոլիստի համար:

Ռոբ  Դոունսին մեջբերում է Հենրիխի նախկին թիմակից Իլկայ Գյունդողանի խոսքերը, ով նշել էր, որ Մխիթարյանը հրաշալի 3 տարիներ անցկացրեց Դորտմունդում, սակայն առաջին երկու տարիները նրա համար շատ բարդ էին:

Միգուցե ավելի ճիշտ կլիներ, որ Մխիթարյանը մնար Գերմանիայում և չտեղափոխվեր Անգլիա: Համենայնդեպս, այդպես է կարծում դորտմունդցիների նախագահ Վատցկեն, ով  օրերս նշել էր, որ բարդ է պատկերացնել, թե ինչպե՞ս Մխիթարյանը հրաժարվեց Դորտմունդում ունեցածից և հեռացավ անգլիական ակումբ:

Manchester Evening News-ի լրագրողը նշում է, որ Մխիթարյանը պետք է շատ աշխատի, քանի որ Մոուրինիոն մեծ հույսեր է կապում նրա հետ:

ESPN պարբերականի լրագրող Շաքա Հիսլոփի կարծիքով, եթե  «Մանչեսթեր Յունայթեդի» հայ ֆուտբոլիստը չմասնակցի հոկտեմբերի 29-ին կայանալիք՝ «Բերնլիի», և այնուհետև՝ նոյեմբերի 3-ին կայանալիք «Ֆեներբախչեի» դեմ խաղին, ապա կարող է մտածել իրերը հավաքելու և մեկ այլ ակումբ տեղափոխվելու մասին:

Ըստ Հիսլոփի՝ Մխիթարյանին շատ խանգարեցին վնասվածքները, սակայն պետք չէ ամեն ինչ բարդել վնասվածքների վրա: Ըստ լրագրողի՝ հիմնական խնդիրը կապված է Մխիթարյանի խաղային դիրքի հետ: Հայ ֆուտբոլիստը Գերմանիայում խաղում էր Օբամեյանգի ետևում: Այստեղ նրա խաղը գերազանց էր ստացվում: Հենրիխի այդ դիրքում մանչեսթերյան ակումբում խաղում է Լինգարդը: Հիսլոփը նշում է, որ Լինգարդը վատը չէ, սակայն Մխիթարյանը կարող է առաջ անցնել նրանից:

«Այո, համաձայն եմ, Մխիթարյանը երկար ժամանակ չէր խաղում և վերականգնման փուլում էր, սակայն ես համոզված եմ, որ, եթե Մխիթարյանը չխաղա  «Բերնլիի» և «Ֆեներբախչեի» դեմ, ապա կարող է հավաքել իրերը, քանի որ մենք գործ ունենք  Ժոզե Մոուրինիոյի հետ»,- նշել է լրագրողը:

Ըստ Հիսլոփի՝ վերը նշված հանդիպումները լավ հնարավորություն են Մխիթարյանի համար: Հնարավորություն, որի նմանը պարզ չէ, թե երբ կինի:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս