Սննդի միջազգային ցուցահանդեսում հայկական ընկերությունը դասվել է տարվա ամենանորարարական ընկերությունների շարքում

Հոկտեմբերի 16-20-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած SIAL սննդի միջազգային ցուցահանդեսում հայկական «Նոյան Եվրոթերմ» ՓԲ ընկերությունն ընտրվել է սննդի ոլորտում տարվա ամենանորարար ընկերությունների շարքում։

«Նոյան» ընկերության կողմից շուկային ներկայացված նոր հյութերից մեկը` «Հատապտուղներով և մրգի կտորներով «Նոյան» օրգանական հյութը», ներառվել է տարվա ամենանորարար ապրանքանիշերի ցանկում, որի համար «Նոյան» ընկերությանը դիպլոմ է շնորհվել։ Նորարարական անվանակարգում ընտրությունն իրականացրել է SIAL ցուցահանդեսի կազմակերպիչների հրավերքով անկախ անդամներից ձևավորված ժյուրիի խումբը։

noyan-1

SIAL ցուցահանդեսը սննդի ոլորտում աշխարհում ամենամեծ ցուցահանդեսներից մեկն է, որը տեղի է ունենում Փարիզում երկու տարին մեկ անգամ։ Այս տարի ցուցահանդեսում իրենց ապրանքներն են ներկայացրել ավելի քան յոթ հազար ընկերություններ` աշխարհի տարբեր երկրներից։ Հայաստանից ցուցահանդեսին տաղավարով մասնակցած միակ ընկերությունը «Նոյան» ընկերությունն էր։ Տարբեր երկրների մոտ ընդունված է, որ ամեն անգամ նման մեծամասշտաբ ցուցահանդեսների ժամանակ պետական կամ ոլորտային կազմակերպությունների օգնությամբ երկրի անունով մեծ տաղավար ամրագրվի, որտեղ կամ անվճար, կամ մասնակի ներդրումով տվյալ երկրի ընկերությունները կարող են իրենց ապրանքները ներկայացնել, սակայն արդեն որերորդ միջազգային ցուցահանդեսն է, որտեղ Հայաստանը միասնական տաղավար չունի։

Հարկ է նշել, որ սննդի ոլորտում ամեն տարի աշխարհի նորարարությունների շուրջ տասը տոկոսը ներկայացվում են նման ցուցահանդեսներում, որոնք նոր շուկաների բացահայտման և գնորդներ ձեռք բերելու լավագույն հարթակ են համարվում։

Պատրաստեց Կամո Մայիլյանը
Երևան-Փարիզ

Տեսանյութեր

Լրահոս