Լինել ոճային՝ դեռ չի նշանակում՝ կրել միայն թանկարժեք բրենդի հագուստ. «Модный Приговор» հեռուստանախագծի գլխավոր ոճաբան Նիկոլայ Օվեչկին
«LOFT Fashion» ակումբի շրջանակներում Ֆաինա Հարությունյանը հյուրընկալել էր Մոսկվայից ժամանած հանրահայտ ոճաբան և նորաձևության գիտակ «Модный Приговор» հեռուստանախագծի գլխավոր ոճաբան, բիզնես-նորաձևության նախագծերի հեղինակ և գլխավոր խորհրդատու Նիկոլայ Օվեչկինին, ով «Նորաձևության ինդուստրիան՝ որպես ինքնազարգացման և բիզնեսի հարթակ» թեմայով ինտերակտիվ սեմինարի ընթացքում խոսեց նորաձևության բիզնես գաղտնիքներին մասին, զուգահեռներ տանելով հայաստանյան և ռուսաստանյան նորաձևության ոլորտի զարգացման տենդենցների միջև: Նրա հանդիպման նյութը թեև նորաձևությունն էր և քաղաքային մշակույթը, այնուամենայնիվ, այն հրաշալի դաս է բոլոր ոլորտների մասնագետների համար:
ԱՊՀ երկրներում նորաձևության ոլորտը մեծ իմաստով ամենաներկայանալիներից չէ
Որևէ մեկին չեմ ցանկանա վիրավորել, բայց և՛ Ռուսաստանը, առավել ևս՝ Հայաստանը նորաձևության ոլորտի առաջատարներ լինելուց չափազանց հեռու են: Առհասարակ ԱՊՀ երկրներում նորաձևության ոլորտը մեծ իմաստով ամենաներկայանալիներից չէ: Հաճախ նարաձևության արհեստով զբաղվելու հայտեր են ներկայացնում այնպիսի մարդիկ, որոնց այդ ոլորտին մոտ թողնելն անգամ անտրամաբանական կլիներ: Սա, խոստովանում եմ, դժվար հաղթահարելի իրականություն է: Ռուսները մի ասացվածք ունեն, չգիտեմ՝ հայերի մոտ ևս կա՞ նմանը՝ «Ձուկը գլխից է հոտում»: Նորաձևության ոլորտն այս երկրներում այնպիսի անհավատալի հիերարխիա ունի՝ զարգանալով ներքևից վերև՝ մոդային են թելադրում պայմաններ, այնինչ պետք է հակառակ պատկերը լիներ՝ մոդան է թելադրում տենդենցներ: Մինչև այն պահը, երբ ձեր իմպուլսները չեն աշխատի վերևից ներքև սկզբունքով, նորաձևության բնագավառում ոչինչ չի փոխվի:
Նորագույն ժամանակներում խաղի կանոններ թելադրողները մենք ենք
Սովետական անցյալը ցավալիորեն մինչ այսօր մեզ պարտադրում է իր գաղափարական մոտեցումներն ու խաղի կանոնները՝ նաև նորաձևության ոլորտում աշխատող մասնագետների համար: Հիշեք՝ նորագույն ժամանակներում խաղի կանոնններ թելադրողները մենք ենք: Մենք բոլորս ազատ ենք խոսելու՝ արտահայտելու մեր գաղափարական հենքերը, հատկապես, երբ ունենք այնպիսի զորավոր «գործընկերներ», ինչպիսին է համացանցը՝ սոցիալական ցանցերի լայն ընտրությամբ: Գուցե մենք բացառապես ազատ չենք անելու այն ամենը, ինչ կփչի մեր գլխին, բայց, ինչ խոսք, օրենքի սահմաններում բոլորս կարող ենք վերաձևակերպել մեր ազատության սահմանները: Միգուցե ես շատ դաժան իրականության մասին խոսեցի, բայց դուք կարող եք փորձել ինձ համոզել, որ Հայաստանում, այնուամենայնիվ, կա զարգացող նորաձևություն: Անշուշտ կա: Գուցե միայն իրեն հատուկ օրենքների ու իրականության սահմաններում, բայց՝ կա: Այնուամենայնիվ, դեռ զարգացման երկար ու բարեհաջող ճանապարհ էլ ունի անցնելու և, որպեսզի օբեկտիվ լինենք, եկեք ամեն մեկս՝ սկսած ինձանից, վերջացրած այստեղ ներկա յուրաքանչյուրով, մեզ վրա վերցնենք մեր հասանելիք մեղքի բաժինը:
Ի՞նչ անել արհեստավորից՝ արարող ճանապարհը բարեհաջող անցնելու համար
Լինել արարող՝ բոլորովին չի նշանակում՝ կտավի վրա նկարչությամբ զբաղվել, կամ օպերային արիաներ ստեղծել: Առաջին հերթին՝ եղեք արարող՝ վերաձևելու համար ձեր ճակատագիրն ու այն պայմանները, որտեղ հայտնվել եք դուք այս կամ այն իրավիճակներում: Նորաձևությունը մշակութային երևույթ է, բացառապես՝ կենդանի օրգանիզմ, որը պետք է արարել, զարգացնել, նոր հույսեր ներշնչել, ինչպես փոքրիկ երեխային: Նորաձևությունը շարունակում է զարգանալ՝ մնալով դեռևս համաշխարհային համապատկերում: Քիչ են հաջողությամբ մեկնարկած հայկական, ռուսական, ուկրաինական, բելառուսական կամ այլ երկրների ազգային նորաձևություն ներկայացնող դիզայներները, թեև, որքան էլ զարմանալի հնչի, Ուկրաինային այս կամ այն չափով հաջողվում է: Ինչ վերաբերում է հայկական նորաձևության զարգացման տենդենցներին, ապա ես տեսնում եմ փնտրող երևակայություն ու աշխատելու ցանկությամբ լցված ստեղծագործող մարդիկ, բայց, ցավոք, ոլորտը համակարգված չէ, ցաքուցրիվ է, ամեն մարդ իր խնդիրների ու հոգսերի մեջ միայնակ է՝ դեմ առած համատարած պետական անտարբերությանը: Գուցե ձեր պետությանը պետք չէ՞ զարգացող նորաձության ոլորտ. փորձեք պարզել:
Դադարեք այրվել այն կաթսայի մեջ, որում մենք ենք՝ այստեղ և հիմա
Նորաձևության հայտնի անուններից մեկը մի օր հայտարարում է՝ կա երկու տեսակի նորաձևություն. այն, որ Արևմուտքում է, և, պայմանականորեն ասած, մենք, որ Արևելքի նորաձևության ներկայացուցիչներն ենք: Արևմտյան նորաձևությունը, վերջինիս ձևակերպմամբ, 70-ամյա զառամյալ ու վայելուչ մի կին է, որ նստած է բուխարու առաջ՝ ճոճաթոռին, ու վայելում է իր վաստակած կյանքի պտուղները: Արևելյան նորաձևությունը 7-ամյա աղջնակ է, որ դեռ նոր պետք է հաճախի դպրոց, և դեռ հայտնի չէ, թե ի՞նչ դուրս կգա նրանից: Սա բացարձակ ճշմարտություն է, որովհետև մենք նորաձևության ոլորտում ցանկացած նոր խոսք ասելու համար դեռևս հենվում ենք արևմտյան ավանդույթների վրա: Եվ, այնուամենայնիվ, եթե դուք ցանկություն ունեք նոր խոսք ասելու, մի´ վարանեք օգտագործել նորաձևության ոլորտում առկա կամ գերիշխող արևմտյան ստանդարտները: Իմ խորհուրդն է ձեզ՝ դադարե՛ք այրվել այն կաթսայի մեջ, որում մենք ենք՝ այստեղ և հիմա: Գուցե այստեղ հավաքվածներից շատերն արդարացիորեն կբարձրաձայնեն այն մասին, որ չկան համապատասխան ռեսուրսներ, կամ, որ իրենք չեն կարող նույնությամբ կրկնօրինակել արևմտյան հայտնի բրենդի ապրանքանիշերը, բայց հավատացեք, դա անելու կարիքն էլ չկա, իսկ ցանկացած բացակա ռեսուրս լրացվելու հավանականություն ունի: Միշտ հիշեք՝ ոգեշնչման ալիքն անիրականանալի թվացող ռեսուրսների պահանջով չի կարող սահմանափակվել. ինչպես հայտնի ճշմարտությունն է հաստատում՝ լինել ոճային, դեռ չի նշանակում՝ կրել անվերապահորեն միայն թանկարժեք բրենդի հագուստ:
Փողոցային նորաձևություն (street style)՝ որպես այդպիսին, այստեղ չկա
Ես առաջին անգամը չեմ Երևանում, որպեսզի չհասկանամ՝ փողոցային նորաձևություն (street style)՝ որպես այդպիսին, այստեղ չկա: Նախկին խորհրդային երկրներից այդպիսի տենդենց նկատել եմ, թերևս, միայն Ուկրաինայում, և դա պայմանավորված է միայն ու միայն Արևմուտքին նետած նրանց բաց հայացքով: Այս երկրի օրինակը բերելու համար ուզում եմ հաստատել՝ որքան անհավանական է, նույնքան փաստ՝ աշխարհում նորաձևությունն ակնհայտ վերելքներ է գրանցել կամ նախապատերազմական, կամ հետպատերազմական շրջաններում:
Պատվիրատուին հասնելու ուղին բարդ ու երկար ճանապարհ է
Այստեղ հաջողություններ գրանցելու համար պետք է կատարելապես տիրապետել շուկայի բոլոր գաղտնիքներին: Ինչպես արդեն հասկացել եմ՝ այստեղ՝ Հայաստանում, շուկայի ուսումնասիրությամբ զբաղվող ընկերություններ կամ հատուկ մասնագիտացված կազմակերպություններ չկան: Հիշե´ք, նորաձևության, ինչպես նաև այլ նմանատիպ ոլորտներում դուք երբևէ հաջողության չեք հասնի, եթե գործը սկսելուց առաջ հիմնավորապես չուսումնասիրեք շուկան, կատարելապես չիմանաք՝ ո՞վ է ձեր պատվիրատուն, ո՞ւմ համար եք դուք առաջարկում ձեր ստեղծած հագուստը: Գուցե շատ բանալ հնչի բայց, նորաձևության ոլորտում առաջին քայլեր անող դիզայները պետք է հստակ իմանա՝ կնո՞ջ համար է իր ապրանքանիշը, թե՞ տղամարդու, քանի՞ տարեկան է իր ապագա հաճախորդը, ի՞նչ նախասիրություններ ու ճաշակ ունի, և այլն: Միայն այս ամենն ուսամնասիրելուց հետո դուք պետք է հույս ունենաք, որ ոլորտում հաջողության հասնելու շանսեր ունեք: Պարզապես լավ հագուստ ստեղծելը կամ նույնիսկ հրաշալի դիզայներ-մասնագետ լինելու փաստն անգամ ձեզ չի օգնի, եթե դուք չեք տիրապետում հետագա զարգացումներին, որը մեծապես կախված է քո յուրաքանչյուր պատվիրատուի պահանջներից: Եվս մեկ խորհուրդ նորաձևության ոլորտում հաջողության հասնելու ձգտողներին. լավ իմաստով՝ վարակիչ եղե՛ք: Վարակվեք նոր գաղափարներով, նոր մոտեցումներով, փորձարկեք հնարավոր ամեն տարբերակ, որը ձեզ կթվա հաջողության տանող ճանապարհ, իսկ եթե հանկարծ պատահել է այնպես, որ դուք ինքներդ այդպիսին չեք, ապա գոնե ձեզ շատ մոտ կանգնած ունեցեք վարակիչ մարդիկ, ովքեր իրենք կվարակեն ձեզ՝ ստեղծելու նորը, չկրկնվողը:
Ուժերի ազդեցության 3 սկզբունք՝ մենեջմենթ, PR, դիստրիբյուցիա
Նորաձևությանը մենեջմենթ է պետք: Որպեսզի որևէ բան վաճառվի, նախ և առաջ՝ պետք է համապատասխան ուսումնասիրություն իրականացնել, որը բացակա մենեջմենթի արդյունքում պրակտիկորեն անհնարին է՝ անհնարին դարձնելով նաև ձեր բիզնեսի հետագա առաջընթացը: Նույն կերպ, ճիշտ կազմակերպված PR-ը և նախապես պլանավորված դիստրիբյուցիան՝ ուժերի ազդեցության այս 3 սկզբունքները, ձեր նոր մեկնարկող բիզնեսի պոտենցիալ գրավականները կարող են լինել:
Իմացե´ք ձեր գինը
Իմացե´ք ձեր գինը և մի վարանեք այդ մասին հիշեցնել այն մարդկանց, ովքեր այս կամ այն պատճառով չգիտեն կամ չեն ուզում «իմանալ» այդ գինը: Աշխատեք անդադար կատարելագործելու համար ձեր մասնագիտական հմտությունները: Դրանով դուք ոչ միայն կհաստատեք և կպահպանեք ձեր տեղն ու գինը ոլորտում, այլև անփոխարինելի կդառնաք շուկայի համար: Մի բավարարվեք միայն այնքանով, որ դուք վարսահարդար եք: Վարսահարդարներ շատ կան, իսկ դուք եղեք ոճաբան-վարդահարդար, և շատ-շատերը երկար կհիշեն ձեր անունն ու ձեր կատարած աշխատանքը: Պարզապես անդադար ինքնակատարելագործվեք, կանգ մի առեք, առաջ ընթացեք: Մինչև դուք չսիրեք ձեր աշխատանքը, որը ձեզանից կխլի անքուն գիշերներ, զվարճանալու կամ հանգստանալու համար նախատեսված ձեր օրերն ու ժամերը, որը, չի բացառվում՝ կհիասթափեցնի ձեզ, բայց դուք չեք հիասթափվի, պատասխանատվության առաջ կկանգնեցնի մի ողջ թիմին դեմ դիմաց, որը ձեզ գուցե և հուսահատությանը դուռը կհասցնի… մինչև չկատարվի այս ամենը, դուք հաջողության չեք հասնի: Եթե ես չսիրեմ իմ աշխատանքը, որևէ մեկին չեմ կարող համոզել՝ սիրել այն: Սա ոսկե կանոն է. հիշեք այս մասին: