«ԵՄ-ն, խթանելով ՀՀ տնտեսական աճը, եսասիրական նպատակներ չի հետապնդում». Պյոտր Սվիտալսկի

Այսօր Երևանում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ու ՀՀ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը տվեցին EU4Business` «ԵՄ-ն բիզնեսի համար» խորագրով միջոցառումների շարքի մեկնարկը։ Հոկտեմբերի 24-28-ն անցկացվելիք «ԵՄ-ն բիզնեսի համար» միջոցառումները կներկայացնեն ԵՄ աջակցությունն ուղղված փոքր և միջին ձեռնարկություններին։ Տեղի կունենան նաև մի շարք այլ միջոցառումներ՝ ուղղված մասնավոր-հանրային հատվածների միջև երկխոսության խթանմանը։ Հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում դեսպան Սվիտալսկին նշեց, որ այսօր մեկնարկող միջոցառումների շարքը Հայաստանը դարձնում է միջոցառումների ու նախաձեռնությունների առանցք։

Ըստ նրա՝ այդ նախաձեռնությունները ներկայացնում են ԵՄ դերը և աջակցությունն ուղղված տնտեսական զարգացմանը, նորարությանը և բիզնեսներին Արևելյան գործընկերության բոլոր երկրներում։

«Խորհրդանշական է, որ միջոցառումների շաբաթը մեկնարկել է բիզնեսի զարգացմանը նվիրված ժողովով։ ՓՄՁ-ներն ապահովում են աշխատատեղերի մեծամասնությունը, ուստի ՓՄՁ-ներով պայմանավորված տնտեսական հնարավորությունները ևս պետք է կարևորվեն։ Այս նախաձեռնությունը հզոր ազդանշան է ԵՄ-ի համար աջակցելու բիզնեսներին, տնտեսության գործնական շահերի, ինչպես նաև երկրի ու տարածաշրջանի մրցունակությունը խթանելու նպատալով»,- նշեց դեսպանը։ Վերջինս տեղեկացրեց, թե ինչ միջոցառումներ են նախատեսվում այս շարքի շրջանակում։

Պյոտր Սվիտալսկին ասաց, որ որպես ԵՄ՝ խորապես երախտապարտ են ՀՀ կառավարությանը, պետական մարմիններին այս միջոցառումների շարքի կազմակերպման հարցում ակտիվ դերակատարում ստանձնելու համար։ Ըստ նրա՝ ՀՀ նոր կառավարությունն իր ծրագրի առանցքն է դիտարկում տնտեսական աճի խթանումը և ԵՄ-ն պատրաստ է օժանդակել ՀՀ կառավարությանն իր ջանքերում, որոնք ուղղված կլինեն բարեփոխումներին, տնտեսությանն անցմանն ավելի արդյունավետ տարբերակին։

«Հիմնական գործիքներից մեկը փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումն է, մեկ այլ միջոցառման ժամանակ ես անդրադարձա համեմատականներին՝ պնդելով, թե որքան մեծ չիրացված ներուժ կա ՓՄՁ-ների համար Հայաստանում»,- ասաց դեսպանը։

Նա նաև նշեց, որ կարևոր են նաև օտարերկրյա ներդրումները։ «Մենք հավատացած ենք, որ մի շարք միջոցառումներ, այդ թվում շրջանակային նոր համաձայնագիրը Հայաստանի և ԵՄ-ի միջև, ներպետական մի շարք բարեփոխումներ Հայաստանում կօգնեն, որպեսզի լրացուցիչ օտարերկրյա ներդրումներ ներգրավվեն հատկապես ԵՄ պետություններից։ Մենք համարում ենք, որ մեր տնտեսական համագործակցությունը փոխշահեկան իրավիճակում է, ԵՄ-ն, խթանելով ՀՀ-ում տնտեսական աճը և Արևելյան հարևանության այլ երկրներում որևէ եսասիրական նպատակների հետամուտ չի լինում։ Մենք կարծում ենք, որ սա փոխշահավետ իրավիճակի դասական օրինակ է։ Որքան հաջողակ լինի ՀՀ տնտեսությունն, այնքան ավելի լավ կլինի Եվրոպական միության շահերի համար»,- ընդգծեց դեսպան Սվիտալսկին։

Իր հերթին Գարեգին Մելքոնյանն ասաց, որ այս միջոցառումները լավագույն արտացոլումն են մեր փոխադարձ շահագրգռվածության և միասնական նպատակի՝ բարեհաջող ընթացք տալ համատեղ ծրագրի իրականացմանը և գնալ առաջ՝ ընդլայնելով և խորացնելով համագործակցությունը։

Տեսանյութեր

Լրահոս