Վարչապետի վկաները կամ Կարեն Կարապետյանի մաքսիմումը

Վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումից հետո հանրային  կյանքում ու հանրային կարծիքի վրա ազդեցություն ունեցող շրջանակներում ձևավորվել է հավատի, լավատեսության մի աննահանջ մթնոլորտ, որն իր պարտադրողականությամբ ու այլակարծության մերժմամբ հավասարազոր է աղանդի։ Եթե չես հավատում, որ Կարեն Կարապետյանը կարող է երկիրը հանել ճահճից, կամ որ նա միակն է, որ կարող է դա անել, ուրեմն ոչ միայն լավատես չես, այլ նաև լավացանկ չես։ Կամ վատասպաս ես։ Մի ամբողջ երկրի ու մի ամբողջ տնտեսության։

Ու եթե ոչ միայն լավատես չես, այլ նաև չես հավատում լավատեսներին, ուրեմն նաև անհավատ ես ու չպաշտող։ Լավատեսության երազը կամ փոփոխությունների կիրքը։ Չպաշտելու իմաստով։ Եվ ահա այս աղանդավորական մեծարման պայմաններում նախօրեին ընդունվեց կառավարության ծրագիրը, որը, եթե լսես այն գովաբանողներին, ոչ թե ծրագիր է, այլ իսկական քրեստոմատիա կամ սպեղանիների հավաքագիրք։ Երկրի՝ անելանելիության հասնող վիճակից ելքերի մասին։

Ընդունենք, որ Կարեն Կարապետյանը ոչ թե ուղղակի ազնիվ է իր մղումներում ու հայտարարություններում ու ծրագրերում, այլ ազնիվ է աննախադեպորեն ու կատարելապես ու ազնիվ է այնքան, որ իր նպատակների իրագործմանն ի սպաս է դնելու իր ու ոչ միայն՝ իր ամենայնը։ Ընդունենք, դրան հավատում ենք։ Բայց եթե դա ընդունում ենք, ապա պարտավոր ենք ի սկզբանե ընդունել նաև Կարեն Կարապետյանի՝ առաջիկայում քաղհալածյալ կամ քաղաքական զոհ դառնալու անխուսափելի հեռանկարը։ Որովհետև, եթե Կարեն Կարապետյանն իսկապես ցանկանում է անել այն, ինչի մասին խոսում է, ապա նշանակում է՝ նա պետք է արմատապես ջախջախի Հայաստանի իշխանության հիմքերն ու պատվանդանները, արմատախիլ անի սյուներն ու ջարդուփշուր անի իշխանության հենարանը շաղախած արատները։

Այն իշխանության, որն իրեն նշանակել է վարչապետի պաշտոնում։ Դա է իրականությունը, որից որևէ տեղ ու որևէ կերպ փախչել հնարավոր չէ։ Եթե անգամ տեքստերդ գրում են թագավորական դպիրները, իսկ հարցեր տվող պատգամավորներն էլ մակերեսային են այնքան, որ չեն հասնում իրականությանը վերաբերող խորքին ու չեն հնչեցնում իրականության մասին հարցեր՝ ազատելով իրականության մասին խոսելու պարտադրանքից։

Ահա դա է իրականությունը, որովհետև այն լավը, որ խոստանում է Կարեն Կարապետյանը, հնարավոր է միայն մեր ամենայն վատի դեմ ոչ թե՝ ուղղակի պայքարի, այլ՝ հիմնահատակ ավերման դեպքում։ Իսկ ահա այդ վատը, ինչպես նշվեց, տարիներ շարունակ իշխանության հենարանն ամրացրած կիրն է, որը կրի ոչ թե այն տեսակներից է, որով լավ ընկույզի մուրաբա է ստացվում, այլ սատանայությունն ուժեղացնող կրի դրսևորում է, որը քանդելու համար բուլդոզերներն անգամ անզոր են։ Եթե նույնիսկ արտադրված են ուրալյան ժայռաբեկորները քանդելու համար նախատեսված ռուսական հետամնաց գործարանում։

Վարչապետին հավատացողներն ու նրանից փրկություն ակնկալողներն այս հարցերի մասին գերադասում են չմտածել, որովհետև մտածելու դեպքում կփլվի հավատքի առասպելի հիմքն ու անսպասելիորեն հօդս կցնդեն բոլոր սպասելիքները։ Նրանք չեն մտածում այս ամենի մասին, չմտածելով անգամ այն հարցի շուրջ, թե այդուհանդերձ ո՞րն է Կարեն Կարապետյանի կարողականության առավելագույնը՝ երկիրը խավարի ճիրաններից ազատելու լուսավորչական առաքելության ճանապարհին։

Դժվար է անգամ ասել՝ ինքը՝ Կարեն Կարապետյանը, ունի՞ այդ հարցի պատասխանը, թե՞ դրա որոնմամբ զբաղվելու է հընթացս, երբ իր աճաստեղծ գործունեության ոլորաններում կհանդիպի իշխանության հենարաններից առկայծող արգելքներին ու կփորձի վերացնել դրանք։

Կարեն Կարապետյանի պարագան ընդհանրապես բարդ է։ Նա մոտավորապես այն մեկի իրավիճակում է, ով հայտնվել է որևէ հանդեսում, որի մասնակիցներից շատերի կարծիքով՝ ինքը հանճարեղ դաշնակահար է, բայց իրականում իր հանճարը փորձել է միայն «Թուրքական մարշ»-ին նվագակցելով։

Եվ ահա հանդիսության կուլմինացիային նրանից սպասում են Շոպեն կամ Ռախմանինով, որոնց նոտաներին գուցե ծանոթ է, բայց գործնականում երբեք չի էլ փորձել մոտենալ դաշնամուրին՝ դրանք նվագելու համար։ Հիմա ստիպված է փորձել։ Գուցե ստացվի։ Հնարավոր է՝ ոչ։ Վկաները բացառում են երկրորդ տարբերակը։
Անհամբեր սպասում ենք որևէ նոկտյուրնի կամ մինորի։ Գոնե Բախից։

Տեսանյութեր

Լրահոս