«Մենք անծայրածիր Ռուսաստան չենք, Չինաստան չենք, Բրազիլիա չենք, և փոփոխությունները շատ արագ իրենց զգացնել կտան». Գառնիկ Իսագուլյան

«Սպասումներս ավելի շատ կապված են ոչ թե կառավարության ներկայացրած ծրագրի հետ, այլ այն փոփոխությունների, որ տեղի են ունեցել ընդհանրապես կառավարության կազմում, մեր մտածողության մեջ, ինչը ևս ակնառու և տեսանելի է»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով կառավարության ծրագրի մասին՝ նման տեսակետ հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը։

Գ. Իսագուլյանի խոսքով՝ կառավարության ծրագիրը, իհարկե, իր մեջ պարունակում է որոշակի դրվագներ, կետեր, որոնք  շատ կարևոր են, բայց նա կարծում է, որ դա ամբողջական չէ, իր գործունեության ընթացքում կլինեն փոփոխություններ. «Գուցե ծրագրում դեռևս ամեն ինչ նախատեսված չէ, կամ ծրագիրը գրված է այն նկատառումներից ելնելով, որ դա մինիմումն է, այն, ինչ կառավարությունը պետք է կատարի, բայց ես վստահ եմ, ինչ-որ ներքին վստահություն ունեմ, որ իրենք ամեն ինչ անելու են, որ ավելին կատարեն, քան գրված է կառավարության ներկայիս ներկայացրած ծրագրի մեջ»։

Հարցին, թե 6 ամիս ժամանակը բավարար կլինի՞, որպեսզի ինչ-որ փոփոխություններ կատարեն, Գ. Իսագուլյանը պատասխանեց, որ, եթե գործունեությունը ճիշտ կազմակերպվի, ապա այդ 100 օրը, որ տալիս են կառավարությանը, այդ ընթացքում արդեն տեսանելի կլինեն բոլոր այն  դրական տեղաշարժերը, որ հասարակությունը, ժողովուրդն ակնկալում է. «Մենք անծայրածիր Ռուսաստան չենք, Չինաստան չենք, Բրազիլիա չենք, և փոփոխությունները շատ արագ իրենց զգացնել կտան, ամենակարևորն այն է, որ ամեն մի քաղաքացի զգա դա։ Այդ հնարավորությունը,  կարծում եմ, կառավարությունն ունի»։

Մեր այն հարցին, թե՝ ինչո՞ւ եք վստահ, որ այս կառավարությունը կիրագործի ծրագրում նշված դրույթները, դեռ մի բան էլ ավելին կանի, Գ. Իսագուլյանը պատասխանեց, որ կառավարության գործունեությունը դարձել է շատ ավելի թափանցիկ, կառավարության նիստերում ընթացող քննարկումները, բանավեճերը շատ ավելի բաց են, և լինում են շատ հստակ հարցադրումներ՝ ինչի՞ համար, ի՞նչ նպատակով։

Կարդացեք նաև

«Սա անչափ կարևոր հանգամանք է, մենք պետք է դա նկատի ունենանք։ Բոլոր այն խնդիրները, որ կապված են հարկահավաքության, բյուջետային փողերի օգտագործման արդյունավետության հետ, տեսնում եմ, որ շատ հստակ հարցադրումներ են արվում, որ ուրիշ կառավարությունների ժամանակ դրանք նկատելի չեն եղել, խոսքս վերջին 10 տարիների մասին է»,- նշեց Գ. Իսագուլյանը։

Տեսանյութեր

Լրահոս