MacAlex-ին փոխարինել է Mr.Chavez-ը. շոտլանդա-հայկական վիսկիի ոդիսականը
Ուշադիր սպառողները նկատած կլինեն, որ Yerevan-City սուպերմարկետներից տևական ժամանակ անհետացել է MacAlex հայկական արտադրության վիսկին։ Այն արտադրվում էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ա և Գ» ընկերության կողմից։
Սա թերևս պայմանավորված էր այն հանգամանքով, որ Շոտլանդական վիսկիի ասոցիացիան (SWA- Scotch Whisky Association) դատական հայց էր ներկայացրել՝ ընդդեմ «Ա և Գ» և «Ալեքս Գրիգ» ընկերությունների։ Ինչպես արդեն գրել ենք, SWA-ն պահանջում է արգելել նշված ընկերություններին՝ զբաղվել ապօրինի գործունեությամբ, պարտավորեցնել շրջանառությունից հանել ու ոչնչացնել կեղծ արտադրանքը, կանխել իրավախախտումներն ու հատուցել վնասները։
Դատը դեռ շարունակվում է, և հերթական դատական նիստը նշանակված է նոյեմբերի 11-ին։
Սակայն, ինչպես երևում է, վիսկիի հայրենական արտադրողն արդեն լուծումը գտել է։ MacAlex-ի փոխարեն վաճառքում հայտնվել է մեկ այլ վիսկի, որը կոչվում է Mr. Chavez: Այն արտադրվում է նույն «Ա և Գ» ընկերության կողմից և վաճառվում է 1 լիտրանոց շիշը՝ 2500 դրամով, 187.5 միլիլիտրանոց շիշը՝ 700 դրամով։ Վիսկին վաճառվում է նաև SAS սուպերմարկետների ցանցում՝ ավելի բարձր գնով։
Ի դեպ, Mr. Chavez վիսկիի պիտակն ամբողջությամբ անգլերենով է։ Միայն շշի ետևի մասում հայերենով սպիտակ ինքնակպչուն թղթով լրացուցիչ տեղեկատվություն կա, որի վրա նշված է արտադրողի տվյալներն ու արտադրանքի բնութագրիչները։ Սա նշանակում է, որ Mr. Chavez-ը նախատեսվում է հիմնականում արտահանման համար, իսկ տեղական շուկայի համար առանձին պիտակ չի մշակվել։
Ինչ վերաբերում է MacAlex-ին, ապա այն թեպետ վաճառքում չկա, սակայն արտադրության դադարեցման մասին դեռևս խոսք չկա։ Ամեն դեպքում, արտադրող ընկերության պաշտոնական կայքում որպես հիմնական արտադրանք ներկայացված հենց MacAlex-ը։
Ի դեպ, պաշտոնական տեղեկատվության համաձայն, վիսկիի արտադրության ծավալը 2016 թվականի հունվար-օգոստոսին գրեթե կրկնապատկվել է (91.1% աճ)։ Այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 1023.3 հազար լիտր վիսկի։
Հայկական վիսկիի արտահանման գլխավոր շուկան Իրաքն է։ Ի դեպ, օտարերկրյա բլոգերից մեկում օգտատերերից մեկը զետեղել է իր խմած Mr. Chavez վիսկիի շշի նկարն ու ներկայացրել այն որպես իրաքյան վիսկի։ Ըստ այդ մարդու, իրաքյան վիսկին «ամենևին էլ վատը չէր»։
Նշենք նաև, որ Mr. Chavez վիսկին Google-ով որոնելու արդյունքում՝ համակարգը բերում է 2-3 տարվա վաղեմության գրառումներ (հիմնականում իրաքյան թեմայով), ինչից կարելի է ենթադրել, որ հայկական վիսկին Mr. Chavez-ով անունով վաղուց է հայտնվել այդ շուկայում։