«Լինելու են շատ հստակ ձևակերպված որակական ցուցանիշներ». Կարեն Կարապետյան
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացված ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդես:
Վարչապետ Կարապետյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ապրանքատեսականուն, արտադրող ընկերությունների հետագա ծրագրերին: Վարչապետը հետաքրքվել է տնտեսվարողների խնդիրներով, որոնք խոչընդոտում են արտադրական ծավալների ավելացմանը, իրացման ու արտահանման կազմակերպմանը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ գյուղատնտեսական բիզնեսին պետք է նորովի վերաբերվել և այդ առումով կարևորել ֆերմերների ու կառավարիչների վերապատրաստումը՝ ժամանակակից պահանջներին համապատասխան: Դիմելով հանրապետության մարզպետներին՝ Կարեն Կարապետյանը նշել է.
«Վերամշակում, հողի արտադրանք. պետք է այս ամենին, բիզնեսին նորովի վերաբերվենք, այլ կերպ մենք մեր գյուղացու կյանքը չենք լավացնելու: Եթե մենք ժամանակակից տեխնոլոգիաներ, ժամանակակից ուսում չունենանք, ապրելու ենք այնպես, ինչպես ապրում ենք, ոչ մի բանով մեր կյանքը չի փոխվելու: Պետք է անպատճառ ոլորտի կառավարիչներ, մասնագետներ պատրաստենք, կարողանանք կազմակերպվել: Պետք է սկսենք կազմակերպվածությունից, այլ տարբերակ չկա: Լավ ապրելու համար պետք է կրթվել, մտածելակերպը փոխել, մեծացնել արտադրողականությունը: Ձեր հիմնական աշխատանքը դա պետք է լինի»: Վարչապետն ավելացրել է, որ մարզային այցելությունների ժամանակ կհանդիպեն ֆերմերներին և ավելի առարկայական կխոսեն բոլոր խնդիրների մասին:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ակնկալում է հաջորդ տարի տեսնել որակապես նոր էքսպո ցուցահանդես, ինչպես նաև ավելի մրցունակ արտադրանք և հաջողված ֆերմերային տնտեսություններ:
Կարեն Կարապետյանն առաջարկել է տնտեսվարողներին՝ պատրաստել հստակ առաջարկությունների փաթեթ, որը կքննարկվի համապատասխան կառույցների հետ և տեղեկացրել, որ այժմ քննարկվում է մասնավոր հատվածի հետ հայկական գյուղմթերքների, վերամշակված մթերքների շուկաների որոնմամբ զբաղվող ընկերություն ստեղծելու հարցը. «Արտադրանքի համար պետք է լինեն հստակ ձևակերպված որակական ցուցանիշներ՝ ինչին պետք է բավարարեն, որպեսզի կարողանան հանգիստ գումար ներդնել և զբաղվել շուկայի որոնմամբ»:
Ցուցահանդեսին մասնակցում են հանրապետության մարզերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության, գյուղատնտեսական մթերք վերամշակող արտադրության գրեթե բոլոր ճյուղերի ներկայացուցիչները, ինչպես նաև ագրարային ոլորտը սպասարկող և ծառայություններ մատուցող շուրջ 90 կազմակերպություն: