Բաժիններ՝

«Մենք չենք ասում, որ վաղը, մյուս օրը, մեկ շաբաթից, մեկ ամսից, երկու ամսից ինչ-որ իշխանափոխություն է լինելու Հայաստանում». Ալեք Ենիգոմշյան

168.am-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը, ում համոզմամբ՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը  նշանակվել է Մոսկվայի կողմից: «Մոսկվայի պաշտոնյան է, և այդ առումով՝ իր նշանակումը «Սասնա ծռերի» գործողության արդյունք է, որովհետև Մոսկվան տեսավ, թե «Սասնա ծռերի» գործողությամբ իր համար ինչքան վտանգավոր  վիճակ է ստեղծվել Հայաստանում, և ինքն անհրաժեշտ գտավ իր նշանակած մարդու միջոցով կառավարում իրականացնել Հայաստանում, ոչ թե միջնորդավորված»,- մեզ հետ զրույցում ասել է նա։

– «Սասնա ծռեր» քաղաքական խորհուրդը  որոշ ժամանակ դադարից հետո հայտարարել է, թե եկող շաբաթվանից վերսկսում է հրապարակային պայքարը։ Կհստակեցնե՞ք՝ ի՞նչ է նախատեսվում, և ի՞նչ   պահանջներ եք դնելու այս անգամ։

– Եկեք սպասենք, եկող շաբաթ փաստաթղթով հանդես գանք: Իսկ թե ի՞նչ նպատակ ենք հետապնդելու, բնականաբար, այն նպատակը, որ մենք միշտ ունեցել ենք, և մեր ժողովուրդն ունի, այդ նպատակի իրականացումն է, իսկ թե կոնկրետ ի՞նչ կլինի՝ և՛ մարտավարական իմաստով, և՛ պահանջների ճշգրտման, հստակեցման իմաստով, եկեք սպասենք մինչև եկող շաբաթ, ժամանակից առաջ չանցնենք։

Երբ նշում եք, որ այն նպատակն եք հետապնդում, ինչ միշտ ունեցել եք և մեր ժողովուրդն ունի, նկատի ունեք իշխանափոխությո՞ւնը։

Կարդացեք նաև

– Իհարկե, կարճաժամկետ նպատակը դա է, բայց իշխանափոխությունը նպատակ չէ, ինքը միջոց է, որպեսզի մենք հնարավորություն ունենանք ունենալ մեր ժողովրդին արժանի հայրենիք, պետություն։ Այո, ներկա փուլում խնդիրը ժողովրդի վերստին մոբիլիզացիան է և այդ խնդրի իրականացումը, Հայաստանի իշխանության հաստատումը և իշխանափոխություն։ Կա երեք փուլ՝ իշխանափոխություն, անցումային փուլի իրականացում և  նոր հանրապետության ստեղծումը՝ ազատ և արդար ընտրություններով։

Հաշվի առնելով որոշ ժամանակ Ձեր՝ պայքարից դադար  վերցնելը, ինչպես նաև նոր  կառավարության ձևավորումը, որը հանրության մի հատվածի մոտ որոշակի հույսեր է արթնացրել, որքանո՞վ եք վստահ, որ այս պահին հանրությունը կմոբիլիզացվի,  և հետևելով Ձեր կոչերին՝ կգնա իշխանափոխության։

– Նայած, թե այդ հույսը որ հատվածի մոտ է և քանի տոկոս է ներկայացնում։ Այո, ես ընդունում եմ, որ մեր հայրենակիցներից ոմանց մոտ կա այդ  սպասումը նոր կառավարությունից, բայց դա համատարած չէ։ Երկրորդ, դա հաշվի առնելով՝ մենք չենք ասում, որ վաղը, մյուս օրը, մեկ շաբաթից, մեկ ամսից, երկու ամսից ինչ-որ իշխանափոխություն է լինելու Հայաստանում, նման ծրագրով մենք հանդես չենք գալիս, մեր պայքարը մոբիլիզացիայի պայքար է, հաստատապես ժողովրդի մեծ մասը ոչ մի հույս չունի այս կառավարությունից և ոչ էլ  այս ռեժիմի օրոք ընտրություններից։ Դրա ապացույցն են վերջին ՏԻՄ ընտրությունները։ Իհարկե, ձեր ասածը կա, և կա 2017-ի ապրիլյան ընտրությունների  սպասումը: Մենք ոչ մի ժամկետ չենք նշանակել: Եթե դեպքերը մեզ հասցնեն ապրիլ ամիս, դա հերթական ֆիասկոն է լինելու, ու դրանից հետո այս վարչախումբն էլ ոչ մի բանով խոստանալու չի ունենալու, և ժողովրդի այն հատվածը, որ այսօր դեռևս  այս կառավարությունից հույսեր ունի, նա ևս հիասթափվելու է, և ամեն ինչ ընկնելու է իր տեղը՝  ճշմարտության գիտակցման իմաստով։ Մենք կպատրաստվենք և՛ մինչ ապրիլ ցանկացած զարգացման, և՛ ապրիլից հետո։

– Երբ կառավարության փոփոխությունը եղավ, շատ կարծիքներ հնչեցին, որ դա իշխանությունների կողմից պատասխան էր ոչ միայն երկրի տնտեսական մարտահրավերներին, այլև նաև «Սասնա ծռերի» գործողություններից հետո ստեղծված  իրավիճակին։ Կիսո՞ւմ եք այդ տեսակետը, և ինչո՞ւ կառավարության փոփոխությունը չի բավարարում Ձեզ։

– «Սասնա ծռերի» և բոլոր ազնիվ հայ մարդկանց պահանջները ոչ  լուծվել են այս նոր կառավարության կազմվելով, ոչ էլ լուծվելու նախադրյալներ կան այսօր, հետևաբար՝ չի բավարարում, որովհետև չի բավարարում։ Իսկ թե կառավարության փոփոխությունը «Սասնա ծռերի» գործողությունների արդյունք էր՝  այո։ Կապ չունի վարչապետի անձնային հատկանիշները. կարող է՝ ինքը կրթված, ուրիշների համեմատ բարեկիրթ մարդ է՝ իր հագուկապով, վարվելակերպով, վարմունքով, կարող է՝ շատ մարդկանց կողմից դրական  ընկալումներ է առաջացնում, դրա մասին չի խոսքը։ Ինքը նշանակվել է Մոսկվայի կողմից, Մոսկվայի պաշտոնյան է, և այդ առումով՝ իր նշանակումը «Սասնա ծռերի» գործողության արդյունք է, որովհետև Մոսկվան տեսավ, թե «Սասնա ծռերի» գործողությամբ իր համար ինչքան վտանգավոր  վիճակ է ստեղծվել Հայաստանում, և ինքն անհրաժեշտ գտավ իր նշանակած մարդու միջոցով կառավարում իրականացնել Հայաստանում, ոչ թե միջնորդավորված։ Այն ծրագրերը, որ այս կառավարությունն է ներկայացնում, նպատակ ունեն մարդկանց սիրաշահել,  մտածել տալ, թե իրականում փոփոխություններ են տեղի ունենում, դա էլ է «Սասնա ծռերի» գործողության արդյունք։ Իրենք ուզում են ցույց տալ, որ ինչ-որ բան փոխվում է, բայց իրականում ոչինչ չի փոխվում։

-«Սասնա ծռերի» քաղաքական խորհրդի  կազմում այս ընթացքում փոփոխություններ եղե՞լ են,  նոր անդամներ ավելացե՞լ են, կամ կա՞ն մարդիկ, որ դուրս են եկել խորհրդի կազմից։

– Այս պահին նման բան չկա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս