Բաժիններ՝

HIVEevent 2016. Uber-ի ներկայացուցիչները չեն բացառում Հայաստանի հետ համագործակցությունը

Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի նախաձեռնությամբ ստեղծված  HIVE  սաղմնային և նախնական փուլի ներդրումային հիմնադրամը, որն աջակցում է հայ ձեռներեցներին ներդրումներով, ինչպես նաև գլոբալ ընկերություն ստեղծելու խորհրդատվությամբ, Հայաստանում անցկացրեց Silicon Valley Unleashed: Inside Tech’s Greatest Minds համաժողովը, որի ընթացքում ամբողջ աշխարհի  առաջատար նորարարները քննարկում էին տեխնոլոգիաների ապագան:

Մի շարք հայտնի ընկերությունների հետ մեկտեղ՝ միջոցառմանը ներկա էին նաև աշխարհահռչակ Uber ընկերության ներկայացուցիչները: Բանախոսների թվում էր նաև Uber ընկերության Առաջատար տեխնոլոգիաների կենտրոնի ինժեներական գծով տնօրեն Րաֆֆի Գրիգորյանը:

Uber-ի ներկայացուցիչները խոսեցին վերջին տարիներին ընկերության գրանցած հաջողությունների, հաջողության հասնելու ճանապարհների, ինչպես նաև մոտիվացիայի ճիշտ աղբյուր գտնելու մասին:

Համացանցով տաքսի պատվիրելու համար նախատեսված Uber առցանց ծառայությունը  վերջին 2 տարում գրանցել է շատ մեծ առաջընթաց: Այս տարի ընկերությունը ստացել է 500 միլիոն դոլար՝  քարտեզներ մշակելու համար: Քարտեզների մշակումը թույլ կտա ընկերությանը կախում չունենալ Google-ից և ավելի ինքնուրույն դառնալ:

Կարդացեք նաև

14671094_698973896916654_9042609572291880606_n

Uber-ի վերջին նորություններից մյուսն այն է, որ Ֆլորիդա նահանգի Ալտամոնտե Սփրինգս քաղաքի ղեկավարության հետ մեկտեղ՝ ընկերությունը մշակել է ride-sharing կոնցեպտով հանրային տրանսպորտի աշխարհում առաջին մոդելը: Ըստ այս մոդելի՝ մեծ քաղաքներում պետք է գործեն երթուղային տաքսիներ, որոնք պետք է շարժվեն ոչ թե՝ նախապես մշակված ուղիով, այլ՝ երթևեկողի ցանկությունից ելնելով: Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ նմանատիպ մոդելների կիրառումը թույլ կտա ավելի քիչ ներդրումներով հասնել ավելի օգտակար արդյունքի: Այս նախագիծն այժմ մշակման փուլում է, ընկերության ներկայացուցիչները նշում են, որ ծրագիրը կյանքի կոչելուն խանգարում են ոլորտի մասնագետների հակասական կարծիքները: Հիմա տարվում են նախագծի մշակման աշխատանքներ: Առհասարակ, ընկերության ներկայացուցիչները խորհուրդ են տալիս ՏՏ ոլորտում զբաղվող թե՛ սկսնակ, և թե՛ կայացած ընկերություններին, պահպանելով սեփական սկզբունքները՝ աշխատել այնքան, որ արդյունքը կատարյալ լինի: Պետք է համարձակ լինել և ամեն կերպ փորձել առաջ տանել սեփական գաղափարը, եթե, իհարկե, վստահ եք, որ այն շատ լավն է:

Ընկերության ներկայացուցիչները 2016 թվականի ամենամեծ նվաճում են համարում  առանց վարորդի տաքսիների փորձարկումը:

Համաժողովի ներկայացուցիչներին հետաքրքրել էր, թե արդյո՞ք ընկերությունը հետագայում ներդրումներ կանի Հայաստանում, կամ կգնի  առցանց տաքսի պատվիրելու այնպիսի հավելվածները, ինչպիսին են gg-ն կամ moby տաքսին: Րաֆֆի Գրիգորյանը նշեց, որ Հայաստանը ոչ միայն մեքենաների ոլորտում, այլև  առհասարակ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեծ պոտենցիալ ունի: Uber-ը այժմ համագործակցում է մի շարք երկրների հետ, և չի կարելի բացառել, որ հետագայում Uber-ը Հայաստանի հետ ևս կհամագործակցի: Րաֆֆի Գրիգորյանը նշում է, որ ինքը՝ որպես ՏՏ ոլորտի ներկայացուցիչ, միշտ պատրաստ է աջակցել հայկական ընկերություններին: Դեռ նախորդ տարի Րաֆֆի Գրիգորյանը նշել էր, որ՝ եթե հայ եք, ապա ինքը պատրաստ է աջակցել ձեզ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս