«Վարչապետի կապակցությամբ ասում են՝ մենեջեր-մենեջեր, ու տպավորություն է, թե «Երևան-Սիթիի» տնօրեն են նշանակում». Նիկոլ Փաշինյան
«Երբ ձեզ նշանակել էին վարչապետ, պատգամավորներն ասում էին, որ Կարեն Կարապետյանը լավ կառավարիչ է, լավ մենեջեր է։ Իմիջիայլոց, դա շատ հետաքրքիր է. վարչապետի կապակցությամբ ասում են՝ մենեջեր-մենեջեր, ու տպավորություն է, թե «Երևան-Սիթիի» տնօրեն են նշանակում։ Ես նայեցի «ՀայՌուսգազարդ» ընկերության ձեր կառավարման ընթացքում, օրինակ՝ ձեր ընկերությունն 2009թ. մոտավորապես ունեցել է 2 տոկոսից ավելի գերնորմատիվային կորուստ, այսինքն՝ դա մոտավորապես տարին 4 մլն դոլարի գազ անհետ կորել է, ոչ մեկը չգիտի դրա տեղը։ Եթե այս թիվը դնենք տասը տարվա կտրվածքով, մոտավորապես 40 մլն դոլարի մասին է խոսքը, ու ընդ որում՝ այդ թիվը չի պակասել։ Հիմա սա լավ կառավարման մասին վկայո՞ւմ է, թե չի՞ վկայում»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ վարչապետի Կարեն Կարապետյանին հարցրեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ հպարտ է «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը կառավարելու համար. «Այն համարում եմ ամենակայացած ընկերություններից մեկը։ Ուղղակի ինֆորմացիայի համար՝ այդ ընկերությունը մեկ միլիարդ ներդրում է կատարել Հայաստանում. Հայաստանն ամենագազիֆիկացված երկիրն է աշխարհում՝ 94%, երբ որ գազ չունեցող երկրների համար 37-38%-ը բավականին բարձր երազանք է։ Ինչ վերաբերում է գերնորմատիվային կորուստներին, ապա այդ ընկերությունն ու մեր ռեգուլյատորն ունեն կոնֆլիկտ՝ այն նորմատիվը, որով հաշվարկվում է, «Գազպրոմ-Արմենիայի» կորուստը, դրանից ցածր է, բայց այն տոկոսը, որը դրված է սակագնի մեջ, դրանից բարձր է։ Հաշվարկված նորմատիվն այդ թվից բարձր է։ Նորմատիվը կախված է հետևյալ բաներից՝ ունենք բավականին մեծ ցանց և որոշակի սպառման ոչ մեծ ծավալներ։ Այդ ցանցը 7-8 մլրդ խմ գազի հնարավորություն ունի տեղափոխելու, երբ որ հայտարարվում է 1.6 մլրդ, և 37% սպառման բնակչությունն է, այդ նորմատիվը հաշվարկելի է։ Այնտեղ գերնորմատիվային կորուստ սակագնի առումով՝ կա, իսկ նորմատիվի առումով՝ չկա»։
Փաշինյանն այսպես արձագանքեց՝ դուք ասում եք, որ «Գազպրոմը» ներդրումներ է արել, այո՛, ներդրումներ է արել ԱԺ համապատասխան հանձնաժողովի եզրակացությամբ՝ ձեր պաշտոնավարման տարիներին կորուստները նվազեցնելու ուղղությամբ ներդրումներ չեն արվել։
«Կորուստների նվազեցման ծրագիր չենք ուղղել, ուղղել ենք ավելի կարևոր տեղեր, որովհետև ասում ենք, որ կորուստը նորմատիվից պակաս է, ինչո՞ւ ուղղենք»։