«Նախատեսո՞ւմ եք այդ ռիսկով տղերքից վիզ դրած փողերի մի մասը, գոնե որպես ներդրում, վերադարձնել տնտեսություն». Լյովա Խաչատրյանը՝ վարչապետին
«Կառավարության ծրագրում որքա՞ն է նախատեսված բյուջեի ռիսկը, ռիսկայնության չափը»,- այս հարցով այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին դիմեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը՝ Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ։
Պատգամավորը նշեց, որ նախորդ կառավարությունների օրոք բյուջեի ռիսկայնությունը հասնում էր մինչև 75 տոկոս, որի հետևանքն է տնտեսության այսօրվա վատ վիճակը. «Նախատեսո՞ւմ եք այդ ռիսկով տղերքից վիզ դրած փողերի մի մասը, գոնե որպես ներդրում, վերադարձնել տնտեսություն»,- հարցրեց պատգամավորը։
Վարչապետ Կարեն Կարապետյանը նախ՝ խնդրեց հստակեցնել՝ ի՞նչ է նշանակում՝ բյուջեի ռիսկայնություն։
«Բյուջեից գողացված գումարների չափ։ Ըստ Վերահսկիչ պալատի հաշվետվության՝ 75 տոկոսը գողացվում է»,- նշեց Լ. Խաչատրյանը։
Կ. Կարապետյանն ասաց, որ չի տիրապետում, թե այսօր որքանն է գողացվում, բայց իրենք ֆիքսել են, որ ախտորոշման խնդիր ունեն, ֆիքսել են, որ որոշում կայացնելու հայեցակարգերը փոխելու են, և այլն, որպեսզի մինիմալիզացիայի ենթարկեն նման երևույթները։
«Ռիսկով տղաներին ասելո՞ւ ենք՝ փող բերեք, թե՞ չէ, մենք ասելու ենք՝ փող բերեն, բոլոր նրանց, ովքեր, որ փող պետք է բերեն, հիմա իրենք ռիսկով են թե ռիսկով չեն՝ դա ի՞նչ կապ ունի»,- հարցրեց վարչապետը։
Լ. Խաչատրյանը պարզաբանեց, որ խոսքը վերաբերում է նրանց, ովքեր բյուջեից են գողացել այդ փողերը. «Այն գումարների մասին էր խոսքը, որոնք բյուջեից վերցվել էին. գոնե ներդրման տեսքով վերադարձնեն բյուջե»։