«Բոլոր օֆշորները չեն վատը, այլ խնդիր է, թե օֆշորը որտեղ կարող է մտնել, որտեղ չի կարող». Կարեն Կարապետյան
«Նշեցիք, որ ծրագիրը քննարկել եք ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ, որքանով ես տեղեկացված եմ, ԱԺ այլ ուժերի հետ ծրագիրը դուք չեք քննարկել. արդյոք կարո՞ղ ենք ենթադրել, որ աջակցության ակնկալիք չունեք մյուս ուժերից»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին կառավարության ծրագրի քննարկման ժամանակ՝ հարցով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին դիմեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
«Ես ուշադիր հետևել եմ հակակոռուպցիոն խորհրդի գործունեությանը, հակակոռուպցիոն խորհրդի գործունեությունից մնացել է միայն ապօրինի հարստացման հետ կապված օրենսդրական կարգավորումը։ Այստեղ խնդիրներ կային, որոնք քննարկվել էին, և կառավարությունը հանձնառություն ուներ, որ պետք է, օրինակ, անկախ հակակոռուպցիոն մարմին ստեղծվի։ Հանձնառություն էր ստացել կառավարությունը, որ պետական գնումներում օֆշորային ընկերությունների մասնակցությանը արգելք լիներ»,- նշեց պատգամավորը։
Ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ իրենք փակ չեն եղել որևիցե քննարկման համար՝ բոլոր շերտերի հետ քննարկել են ծրագիրը, ու այնտեղ չեն եղել միայն ՀՀԿ-ի կամ ՀՅԴ-ի ներկայացուցիչները։
Անդրադառնալով անկախ հակակոռուպցիոն կառույցի ստեղծման մասին հարցին՝ Կ. Կարապետյանը կարծիք հայտնեց, որ այն չպետք է ստեղծված լինի նախարարներից և կառավարության կազմից.
«Թե ի՞նչ ձևով ենք մենք այնտեղ մարդկանց ներգրավելու, որ այդ գործիքն աշխատի, մենք բաց ենք լինելու, կքննարկենք։ Պետական գնումների մեջ օֆշոր գրել ենք թե չենք գրել, ես իրավաբան չեմ, բայց բոլոր օֆշորները չեն վատը, այլ խնդիր է, թե օֆշորը որտեղ կարող է մտնել, որտեղ չի կարող»։