
Վարդան Արամյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին

«Կառավարության ծրագրում շատ կոնկրետ ներկայացված միջոցառումներ են, այդ թվում՝ հարկային և մաքսային ոլորտում։ Կարծում եմ՝ դրա մասին վարչապետը նախապես կներկայացնի ընդհանուր շրջագիծը, որից մենք մանրակրկիտ կներկայացնենք այն հարցերը, որոնք ձեզ հուզում են»,- այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
Դիտարկմանը, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ահազանգում է հնարավոր տնտեսական աղետի՝ դեֆոլտի մասին, Վարդան Արամյանն ասաց, որ ինքը նման կանխատեսում չունի։ «Մտահոգությունն այն է, որ մենք ունենք գլոբալ տնտեսությունում արտաքին հատվածից ներթափանցող բացասական շոկեր։ Դա տեղի է ունեցել 2014թ.-ից։ Ես նաև հանդես եկա զեկույցով, ներկայացրի մակրոտնտեսական զարգացումները 2014թ. այս կողմ՝ ինչ է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք արձագանքել։ Ապագային նայելով՝ մենք, բնականաբար, պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի մտցնենք հարկաբյուջետային կայունություն։ Դա նշանակում է, որ պարտքն աստիճանաբար պետք է մեղմվի, պարտքի աճի տեմպերը պետք է մեղմվեն»,- ասաց նա: Անդրադառնալով դեֆոլտի մասին Լ. Տեր-Պետրոսյանի հայտարարությանը՝ նախարարը նշեց, որ իրավաչափ չի կարծում՝ այս պահին խոսել, որ մենք վտանգված ենք։
Խոսելով օլիգարխներից՝ ֆինանսների նախարարն ասաց, որ պետք է ֆիքսվել ոչ թե նրանց, այլ համընդհանուր հարկային արդարության և սկզբունքների վրա։ Նա նշեց, որ հիմնական կարգավորումը պետք է կայանա նրանում, որպեսզի ստեղծվեն արդար մրցակցության համակարգեր, և այն տնտեսվարողները, որոնք գերիշխող դիրք ունեն, չկարողանան չարաշահել այն։