«Շատ խնդիրներ կան, շատ միջոցներ են անհրաժեշտ, որոնք, այո, այսօր չունենք». Իգնատի Առաքելյան
«Նոր տեխնոլոգիաներ, ինտենսիվ այգիներ, ջերմոցներ, ֆերմաներ, որպեսզի զարգանա տնտեսությունը, կոոպերացիաների և ֆերմերային տնտեսությունների խոշորացում»,- այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են զարգացնելու գյուղատնտեսությունը:
Նա նշեց, որ գյուղատնտեսական տեխնիկայի մասով շատ բաց տեղեր կան, պետք է դրամաշնորհներ հայթայթվեն, որպեսզի գյուտեխնիկան ներմուծվի և բաժանվի:
Անդրադառնալով տեսակետին, որ Հայաստանում գյուղատնտեսությունն աշխատում է 18-րդ դարի տեխնոլոգիաներով, Իգնատի Առաքելյանն ասաց, որ գյուղացիներն՝ իրենց, կառավարությունն իր հերթին, ներդրողներն ու բիզնեսով զբաղվողներն իրենց հերթին պետք է միանան, որպեսզի հասնենք 21-րդ դար.
«Դա երկար ճանապարհ է, մեկ օրում չի լինի: Շատ խնդիրներ կան, շատ միջոցներ են անհրաժեշտ, որոնք, այո, այսօր չունենք, որպեսզի այդ ամբողջը մեկ օրում ներդնենք և զարգացնենք: Քայլ առ քայլ պետք է անենք»:
Անդրադառնալով կարտոֆիլի գնման ցածր գների վերաբերյալ հայտարարությանը, Իգնատի Առաքելյանն ասաց, որ երեկ հանդիպել է կարտոֆիլագործների հետ. «Այնքան էլ այնպես չէ, ինչպես ներկայացվում է: Կան միջնորդներ, որոնք գնում են ցածր գնով, և առաջարկ է արվել, որպեսզի ֆերմերներն իրենք միանան, ստեղծեն իրենց միավորումը և իրենք մատակարարեն պաշտպանության նախարարությանն ավելի բարձր գնով, ինչին որոշ ֆերմերներն ասացին՝ եթե այդպես լինի, մեզ ձեռք չի տա, որովհետև մենք չենք տեղավորվի այդ գների մեջ»:
Խոսելով ապահովագրության ներդրման մասին՝ նախարարն ասաց, որ առաջարկը քննարկվում է. «Այստեղ պետք է համամասնորեն մասնակցություն լինի՝ կառավարություն և գերմանական բանկ: Եթե հավանություն լինի, անպայման պիլոտային տարբերակ կներդրվի»: