Համառ և գոլառատ ֆուտբոլի սիրահար. ո՞վ է հավաքականի նոր գլխավոր մարզիչը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքն այսօր տեղեկացրեց, որ հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արթուր Պետրոսյանը:
168.am-ն առաջարկում է ծանոթանալ հավաքականի նոր գլխավոր մարզչին:
44-ամյա Արթուր Պետրոսյանի մարզական կարիերան սկսվել է իր հարազատ Գյումրի քաղաքում: Պետրոսյանը հանդես է եկել հարձակվողի դիրքում: Թերթելով մարզական արխիվները՝ տեսնում ենք, որ Պետրոսյանը բնորոշվում է՝ որպես համառ և պայքարող ֆուտբոլիստ: Այդպես են բնորոշում Պետրոսյանին՝ նաև որպես մարզչի: Այժմ նա մարզում է «Ցյուրիխ-2»-ը, որը Շվեյցարիայի 3-րդ դիվիզիոնում ունի մինչև վերջին րոպեն պայքարող և գոլառատ ֆուտբոլի սիրահար թիմ:
Արթուր Պետրոսյանի ֆուտբոլիստի կարիերան ձգվում է Գյումրիից մինչև Ցյուրիխ՝ ներառելով Մաքաբին, Նիժնի Նովգորոդը, Բեռնը: Իր կարիերայի ընթացքում երկու անգամ Պետրոսյանը դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ՝ 1996 և 2000 թվականներին: Արթուր Պետրոսյանը հավաքականի լավագույն ռմբարկուների շարքում երկրորդն է և զիջում է միայն հայկական ֆուտբոլի նորագույն պատմության լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին:
Արթուր Պետրոսյանն իր կարիերան ավարտել է 2006 թվականին: Այնուհետև նա անցել է մարզչական գործունեության: Պետրոսյանի մարզած «Ցյուրիխի» 18 տարեկանների հավաքականը դարձել է Շվեյցարիայի չեմպիոն 2011 թվականին:
Արդեն այս տարի Պետրոսյանը ստացել է ՊՐՈ հավաստագիր և սկսել է մարզել «Ցյուրիխ-2»-ը:
Պետրոսյանն ունի հավաքականում աշխատելու փորձ: Այն բանից հետո, երբ հավաքականի մարզիչ նշանակվեց Բեռնարդ Շալանդը, Պետրոսյանն ընդգրկվեց մարզչական շտաբում ՝ որպես Շալանդի օգնական:
«Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանի հավաքականի մարզիչ լինելը: Դա ինձ համար մեծ փորձ է, որը շատ կարևոր կլինի նաև «Ցյուրիխում» իմ մարզչական ակտիվության համար»,- նշել է Պետրոսյանը շվեյցարական թիմի պաշտոնական կայքի հետ զրույցում:
Սիրարփի Աղաբաբյան