«Վանաձորցիների համար Վիկտոր Դալլաքյանն արդեն փոքրացած կոստյում է». Էդմոն Մարուքյան

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը երեկ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի ընթացքում անդրադառնալով Վիկտոր Դալլաքյանի վերջին հայտարարություններին, նշեց, որ նրան ուղարկել են քաղաքական դաշտ՝ նոր դերակատարներին «փչացնելու» փորձեր անելու համար.

«Հայաստանի քաղաքական համակարգում նոր դերակատարներ են ի հայտ եկել, և մարդիկ փորձում են տարբեր «պրոյեկտների» միջոցով այդ դերակատարներին «փչացնել»։ Վիկտոր Դալլաքյանը «պրոյեկտ» էլ չէ, նա անգամ որպես «պրոյեկտ» չի կարող ձգել. այդքան հնարավորություններ չունի։ Հին դեմքերին փորձում են գցել քաղաքական դաշտ ու ազդեցություն գործել լուսավոր, նոր ծիլ տված բաների վրա։ Դալլաքյանի ասուլիսի 60%-ն ինձ է նվիրված եղել։ Ինձ էր նվիրված, որովհետև իր նշանակությունը դա է՝ աշխատել այդ ուղղությամբ։ Եվ պետք է Սերժ Սարգսյանին էլ այդտեղ քարկոծեր, որ ընդդիմադիր երևար։ Մարդը 4 տարի օգտվում է նախագահական ապարատի հնարավորություններից, ԱԺ դարպասից ներս է մտնում  իր ծառայողական մեքենայով, երբ բոլոր պատգամավորները քայլելով են գնում… այդ ամենից օգտվում է, գոնե մի քիչ ամոթ ունենար՝ մի երեք ամիս առաջ դուրս գար աշխատանքից։ Մեկ շաբաթ առաջ նկարվում է նախագահի հետ, հետո էլ ասում, որ եթե իր հետ մի բան պատահի, Սերժ Սարգսյանն է մեղավոր»։

Պատգամավորն ընդգծեց. «Նախ՝ մի հավատացեք, որ նա չի տեսել նախագահի երեսը, երկրորդ՝ նա իրենից ոչինչ չի ներկայացնում, որ հետն ինչ-որ բան պատահի։ Նա 4 տարի այլ դեմքերով է ասել նույնը, ինչ իր դեմքով ասաց, ու դրան էլ եմ պատասխանել, և այլևս չեմ անդրադառնալու իրեն։ Կարծում եմ՝ նա կորցրեց իր շանսը՝ երբևէ պատգամավոր ընտրվելու։ Նրա շանսը միակն էր, որ ՀՀԿ-ի ցուցակով ընտրվի։ Երբ ՀՀԿ-ն, նոր իրողություններից ելնելով՝ սկսեց հին դեմքերից ազատվել, Վ. Դալլաքյանը հասկացավ, որ պետք է գործուղվի այդ դաշտ։ Նա համաձայնեցրել է, ռեսուրսները ստացել է ու սկսել»։

2012թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Վիկտոր Դալլաքյանն ասել էր. «Կոստյումս էլ ուղարկեմ Վանաձոր՝ արդեն հաղթած եմ», ինչից հետո նա ծանր պարտություն կրեց, և Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվեց Էդմոն Մարուքյանը։ «Ռ-Էվոլյուցիայի» հաղորդավար Սաթիկ Սեյրանյանը հիշեցրեց Դալլաքյանի այդ խոսքերը, ինչին ի պատասխան՝ Է. Մարուքյանն ասաց.

Կարդացեք նաև

«Վանաձորցիների համար Վ. Դալլաքյանն արդեն փոքրացած կոստյում է. 4 տարի անցել է այդ կոստյումից, փոքրացել է, հնացել, մաշվել, գույնն ընկել է։ Էլ այդ կոստյումը հնարավոր չէ ուղարկել Վանաձոր։ Փորձ կարելի է անել, թող օգտվի իր՝ փորձելու իրավունքից։ Կտեսնեք, որ նրան մի ուրիշի դեմ էլ կօգտագործեն. այդքան ռեսուրս են դրել, հո չե՞ն թողնելու՝ միայն «Լուսավոր Հայաստանի» վրա աշխատի»։

Տեսանյութեր

Լրահոս