Բջջային կապի օպերատորների հասույթը նվազել է
2016 թվականը այնքան էլ հաջող չի հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների, մասնավորապես, բջջային կապի օպերատորների համար։ Նրանց հասույթը այս տարվա առաջին կիսամյակում էապես նվազել է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Այսպես, մենք դիտարկել ենք 3 ընկերությունների՝ «Ղ-Տելեկոմ» (Vivacell), «Արմենտել» (Beeline) և «Յուքոմ» (Ucom, նախկին Orange) ընկերությունների եռամսյակային ցուցանիշները՝ նրանց կողմից հրապարակված հաշվետվությունների հիման վրա։
Աղյուսակում բերված են այս ընկերությունների գործառնական եկամուտները՝ շարժական կապից և հարակից գործունեությունից (ֆիքսված կապը ներառված չէ)։
Այս երեք ընկերությունների ընդհանուր եկամուտը շարժական կապից և հարակից գործունեությունից 2016 թվականի առաջին կիսամյակում կազմել է 49.07 մլրդ դրամ։ 2015 թվականի առաջին կիսամյակում այդ ցուցնաիշը 57.3 մլրդ էր։
Այսինքն, նախորդ տարվա համեմատ՝ բջջային կապի ծառայություններից ստացվող եկամուտը նվազել է մոտ 8.3 մլրդ դրամով կամ 14.5%-ով։
Ինչպես տեսնում եք, նվազում ունեցել են բոլոր երեքը՝ իհարկե, տարբեր չափով։ Ամենամեծ նվազումը (6.2 մլրդ դրամ կամ 17.5%) ունեցել է Vivacell-ը։ Ucom-ի եկամուտը նվազել է 11.3%-ով, Beeline-ինը՝ 7.9%-ով։
Ուշագրավն այն է, որ ակտիվ բաժանորդների քանակը վերջին 1 տարվա ընթացքում չի նվազել։ Հակառակը՝ 2016 թվականի երկրորդ եռամսյակի վերջում 3 օպերատորների ակտիվ բաժանորդների ընդհանուր թիվը կազմել է 3 մլն 456.2 հազար, ինչը 111 հազար շատ է 2015 թվականի երկրորդ եռամսյակի վերջի ցուցանիշից։
Սա նշանակում է, որ նվազել է 1 բաժանորդին ընկնող եկամուտը։
Վերադառնալով ակտիվ բաժանորդների թվին՝ նշենք, որ դիտարկվող ժամանակահատվածում Vivacell-ի բաժանորդների թիվն աճել է մոտ 86 հազարով և կազմել 2 մլն 106 հազար, Beeline-ի բաժանորդների թիվն աճել է 48.5 հազարով և հասել 863.5 հազարի, իսկ Ucom-ի բաժանորդների թիվը նվազել է 22.9 հազարով և կազմել 486.7 հազար։
Արդյունքում, Vivacell-ի և Beeline-ի կշիռները բաժանորդների ընդհանուր թվի մեջ աճել են և կազմել, համապատասխանաբար, 60.9% և 25%։ Իսկ Ucom-ի կշիռը 15.2%-ից նվազել է մինչև 14.1%։
Նշենք նաև, որ 3 ընկերություններից 2-ը՝ Vivacell-ը և Ucom-ը կրճատել են գովազդային և մարքեթինգային ծախսերը։ Մասնավորապես, Vivacell-ը 2016 թվականի առաջին կիսամյակում գովազդի և մարքեթինգի վրա ծախսել է 919.8 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1 մլրդ 5 մլն-ի դիմաց։
Ucom-ի դեպքում գովազդային ծախսերի կրճատումն ավելի զգալի է։ Ընկերությունը 2015 թվականի առաջին կիսամյակում գովազդին ուղղել էր մոտ 874 մլն դրամ, այս տարվա առաջին կիսամյակում՝ մոտ 420 մլն դրամ։
Beeline-ը, հակառակը, շարժական կապի ծառայությունների գովազդին և մարքեթինգին ուղղվող ծախսերն ավելացրել է շուրջ 35 մլն դրամով և հասցրել 431.9 մլն դրամի։
Ընդհանուր առմամբ, այս երեք ընկերությունները միասին 2016 թվականի առաջին կիսամյակում գովազդին և մարքեթինգին ուղղել են 1 մլրդ 771.6 մլն դրամ, ինչը 549 մլն դրամով կամ 23.7%-ով քիչ է նախորդ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշից։