Բաժիններ՝

«Երազանքս շախմատի հավաքականի կազմում խաղալն է». Հայկ Մարտիրոսյան

Հայկական շախմատի վաղվա հաղթանակները կերտողները «ծնվում են» այսօր: Ինչպես եղավ շախմատի աշխարհի պատանիների առաջնության ժամանակ, որտեղ միակ երկիրը, որ երկու ոսկի նվաճեց, Հայաստանն էր: Պատանիների շախմատիստների շարքում արդեն առանձնանում է Հայկ Մարտիրոսյանը, ով առաջնության ընթացքում տոնեց 7 հաղթանակ, և միայն երկու պարտիա ավարտեց ոչ-ոքի: Ավան դույթի համաձայն՝ Հայկի հետ էլ հանդիպեցինք շախմատի տանը, որտեղ սովորաբար հարցազրույցներ ենք ունենում շախմատիստների հետ: Հայկը եկավ ճիշտ և ճիշտ նշանակված ժամին, համեստորեն ընդունեց շախմատի տանը այդ պահին գտնվող բոլոր ներկաների շնորհավորանքները: «Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում Հայկը խոսեց իր, շախմատի, ընկերների, մարզիչների մասին:

– Հայկ, քանի՞ տարեկանում ես սովորել շախմատ խաղալ:

– 5 տարեկանից զբաղվում եմ շախմատով, իսկ խաղալ սովորեցրել է հայրս: Արդեն 7-8 տարեկաններից սկսեցի կարևոր մրցաշարերի մասնակցել, որտեղ հնարավորություն էր տրվում կարգ լրացնել: Այնուհետև ընդունվեցի շախմատի ակադեմիա, որտեղ Սմբատ Լպուտյանի միջամտությամբ սկսեցի մարզվել ավելի ուժեղ մարզիչների մոտ:

– Ովքե՞ր են քո սիրելի շախմատիստները, ում պարտիաները նախընտրում ես ուսումնասիրել:

– Շախմատիստներ շատ կան, ում սիրում եմ, սակայն առավել նախընտրում եմ աշխարհի 4-րդ չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի շախմատային պարտիաները: Սիրում եմ նրա դասական և ակտիվ շախմատը: Հայկական շախմատից սիրում եմ Լևոն Արոնյանին և Ռաֆայել Վահանյանին:

– Սիրում ես Ալյոխինին, իսկ ունե՞ս խաղային քո ոճը:

– Այո, սիրում եմ դասական շախմատ խաղալ, բայց նաև ակտիվ լինել: Կարող եմ զոհաբերություններ կատարել, բայց որ դրանք լինեն դիրքային:

– Ինչո՞վ ես սիրում զբաղվել շախմատից ազատ ժամանակ:

– Բացի շախմատից շատ եմ սիրում ֆուտբոլ: Իմ սիրելի ակումբը Մադրիդի «Ռեալ»-ն է: Սովորում եմ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: Առավել շատ սիրում եմ շախմատային գրքեր կարդալ:

– Հայկ, մասնակցել ես նաև Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի համատեղ դպրոցի դասերին: Ի՞նչ կասես այդ մասին:

– Այո, Ծաղկաձորում մենք շատ ենք շփվել նրանց հետ: Մեզ համար հետաքրքիր և ուսանելի շատ բան կար:

– Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ է շախմատն այսքան սիրվել, այսքան տարածված դարձել մեր երկրում:

– Կարծում եմ, նրանից է, որ հայերը մտածող ազգ են: Հիմա արդեն դպրոցներում էլ շախմատը դարձել է պարտադիր առարկա, ինչը ևս օգնում է շախմատի տարածմանը:

– Տարիներ առաջ երազում էիր աշխարհի չեմպիոնի կոչման մասին: Ինչի՞ մասին ես երազում հիմա:

-Այժմ երազանքս հավաքականի կազմում խաղալն է:  Նույն թիմում՝ Լևոն Արոնյանի, Գաբրիել Սարգսյանի և մյուսների հետ: Բայց դրա համար հարկավոր է, որ մասնակցեմ առաջին խմբի մրցաշարին, որտեղ հաղթելուց հետո Հայաստանի բարձրագույն խմբին մասնակցության իրավունք կստանամ, այստեղ հաղթելուց հետո էլ կդառնամ հավաքականի անդամ:

– Հայկ, խոսենք պատանիների աշխարհի առաջնության մասին: 7 հաղթանակ, 2 ոչ-ոքի: Ինչպե՞ս էիր նախապատրաստվել:

– Իրականում բավականին երկար էի նախապատրաստվել աշխարհի այս առաջնությանը: Մեծ աշխատանք էինք տարել իմ անհատական մարզիչ Աշոտ Անաստասյանի և Արտաշես Մինասյանի հետ: Ուսումնասիրել էինք մրցակիցներին, և մեզ մոտ շատ լավ ստացվեց ամեն ինչ:

-Ծանո՞թ էիր մրցակիցներին խաղաոճին, իրենց հնարավոր կոմբինացիաներին:

-Առաջնության մասնակից մի քանի խաղացողների հետ շատ երկար ժամանակ է, ինչ մրցում եմ տարբեր մրցաշարերի շրջանակներում: Բայց կային նաև նորերը, ովքեր ուժեղ մրցակիցներ էին:

-Այս առաջնության ժամանակ աշխարհի չեմպիոն դարձավ նաև Մանուէլ Պետրոսյանը: Հետևո՞ւմ էիր նրա պարտիաներին:

-Այո, հիմնականում միմյանց հետ էինք լինում, իր  իմ պարտիաները միասին քննարկում: Իրար լավ նախապատրաստում էինք խաղերին: Ուզում եմ ասել, որ շատ ուրախ էի նաև նրա հաղթանակի համար:

Հարցազրույցը՝ Վարվառա Հայրապետյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս