«Սոված ու բարկացած ժողովրդին ճնշելն ավելի հեշտ է». Բորիս Եղիազարյան
168.am-ի զրուցակիցն է Կիևում բնակվող հայազգի հայտնի գեղանկարիչ Բորիս Եղիազարյանը
Բորիս Եղիազարյանը Կիևի Մայդանի ակտիվ մասնակիցներից էր: Մինչ Ուկրաինա տեղափոխվելը Հայաստանում 1988-ի շարժման ակտիվ մասնակիցներից էր, կանգնած է եղել Հայաստանի անկախացման համար պայքարի ակունքներում և իր ներդրումն է ունեցել այդ գործում: Նկարիչը սովորել է Երևանի Գեղարվեստի ուսումնարանում, ապա՝ Սանկտ Պետերբուրգի Վ. Ի. Մուխինայի անվան գեղարվեստական ինստիտուտում։ 1986 թվականին ավարտել է Կիևի Գեղարվեստական ակադեմիան։ 1986 թվականից Եղիազարյանի նկարները ցուցադրվել են Հայաստանի, Ուկրաինայի և մի շարք այլ երկրների ցուցահանդեսներում։ Եղիազարյանի գործերը պահվում են բազմաթիվ թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։
– Սեպտեմբերի 20-ին Կիևում բացվեց Ձեր ցուցահանդեսը, որը լայնորեն լուսաբանվեց ուկրաինական ԶԼՄ-ների կողմից: Ո՞րն էր ցուցադրության կոնցեպցիան:
– Քանի որ ցուցահանդեսը բացվեց Հայաստանի անկախության տոնի նախօրեին, նվիրվեց Հայաստանի Անկախության 25-ամյակին: Տեղի ունեցավ խաղողը գինու վերածելու ներկայացում՝ դրանով իսկ ցույց տրվեց, թե ինչպես է Նոյը խաղողից գինի ստացել։ Ես ցույց տվեցի, որ այդ խաղողը, որը Նոյը տնկել էր, որպես սեր՝ տարածվեց ողջ աշխարհում: Սա էր կոնցեպցիան: Դա իմ կարոտն էր ու սերը:
Ինձ հետ միասին խաղող պետք է տրորեր նաև ուկրաինացի երգչուհի Ջամալան, որի հայրը Ղրիմի թաթար է, մայրը՝ հայ: Նա շատ քնքուշ սեր ունի մոր նկատմամբ ու ամեն անգամ պատմում է, որ իր երաժշտական դաստիարակությունը մորից է ստացել: Նա շատ անուշ մարդ է: Բայց Ջամալան Անգլիայում էր, չստացվեց, որ միասին անեինք այդ ներկայացումը, և դա արվեց սիրված երաժիշտ Իվան Լենյոյի հետ, որը «Կոզակ Սիստեմ» (KOZAK SYSTEM) ուկրաինական էթնո ռոք խմբի մենակատարն է և ղեկավարը: Ես նրա հետ ընկերություն եմ անում՝ Մայդանից սկսած:
– Ի՞նչ աշխատանքներ էին ցուցադրված: Արդյո՞ք վերջին շրջանում ստեղծված գործեր են, թե՞ տարիների ընթացքում ստեղծված աշխատանքների ներկայացում էր հանրությանը:
– Ցուցահանդեսում ներկայացված են աշխատանքներ, որոնք առաջին անգամ են ներկայացվում, կան աշխատանքներ, որ արդեն իսկ ցուցադրվել են, և կան գործեր, որ վաղուց գտնվում են տարբեր հավաքորդների մոտ: Ցուցահանդեսի կազմակերպիչները ցանկացել էին մեկտեղել այն նկարները, որոնք վաղուց ոչ ոք չի տեսել, հնարավորություն ընձեռել նաև ինձ ու մարդկանց՝ տեսնել իմ վաղուցվա աշխատանքները:
Անկեղծ ասած, ես կասկածներ ունեի՝ ցուցահանդեսի անցկացման հետ կապված, քանի որ գարնանն աղմկոտ ցուցահանդես էի ունեցել Կիևի «Մասթեր կլաս» մշակութային կենտրոնում: Ցուցադրությունը դարձյալ հայկական թեմայով էր՝ նկարները մթության մեջ առանձին-առանձին բացվում էին ուղղորդված լույսով, պրոյեկտորը լուսավորում էր միայն նկարները, իսկ սրահը մթության մեջ էր, և այդ ամենն ուղեկցվում էր Ջիվան Գասպարյանի ձայնագրությամբ, որտեղ նա երգում է:
Ցուցահանդեսը մեծ արձագանք էր ունեցել: Ես պատրաստ չէի նորից ցուցահանդես անել, բայց ամեն ինչ գեղեցիկ կազմակերպվեց: Բացմանը երգեց Հայ Առաքելական եկեղեցու երգչախումբը: Հետաքրքիր է, որ մեր Հայ եկեղեցու երգչախմբի անդամները հիմնականում ուկրաինացիներ են: Նրանք հայերեն շատ սիրով երգում են, զգացել են ոգին: Միայն երեցտիկինն է հայ: Ես հայտարարեցի, որ սիրում և հարգում եմ Ուկրաինան, ես այս երկրի բնակիչ եմ և քաղաքացի, իմ սիրտը լեռներում է, բայց հոգիս և՛ Հայաստանում է, և՛ այստեղ: Ես միշտ ասում եմ, որ երախտապարտ եմ, որ այս երկիրն ինձ ու հայությանը սիրով է շրջապատում, մենք սեր ենք առնում այս երկրում՝ չնայած վերջին տասնամյակում բաներ են եղել, որ կարող էին վրդովվել Ուկրաինային:
– Դուք նկատի ունեք Հայաստանի վերաբերմունքը միջազգային ատյաններում Ուկրաինային վերաբերող հարցերի քննարկման ժամանա՞կ:
– Ոչ միայն դա: Եղել են հայեր, որոնք շատ ակտիվ են եղել անջատողականության մեջ, բայց ուկրաինացիներն ունեն ավանդական սեր հայերի նկատմամբ: Հայերը 11-րդ դարից այստեղ ապրել են: Նախախորհրդային ժամանակների հայերը շատ պատվախնդիր, կիրթ մարդիկ են եղել: Ուկրաինացիները դա չեն մոռանում: Նրանք շատ մեծ հարգանքով և սիրով են վերաբերվում այնտեղ բնակվող հայերին:
– Դուք Մայդանի ակտիվ մասնակիցներից եք եղել: Ըստ Ձեզ՝ այն ամենը, ինչի համար պայքարում էին Մայդանում հավաքված մարդիկ, նրանց ակնկալիքները, հույսերն արդարացա՞ն: Այդ մարդիկ բավարարվա՞ծ են նրանով, ինչ կա այսօր Ուկրաինայում:
– Կա տպավորություն, որ մարդիկ հիասթափված են, հուսահատված են, որ այն, ինչ Մայդանից ակնկալում էին՝ չիրականացավ, բայց կա նաև այլ կարծիք, որն ավելի օբյեկտիվ է՝ դժվարությամբ, բայց շատ մեծ փոփոխություններ են տեղի ունենում, բարեփոխումներ են իրականացվում երկրում: Այս պատերազմից, Մայդանից հետո Ուկրաինայում շատ սիրուն վերելք է գնում, արվեստի մեջ նոր որակներ են, համարձակ նախագծեր են արվում:
Մենք միշտ բերում ենք Լեհաստանի օրինակը, որից 15 տարի պահանջվեց այդ վիճակից դուրս գալու համար, մինչև դարձավ եվրոպական պետություն, դա էլ՝ այն դեպքում, որ Լեհաստանը միշտ եվրոպական պետություն է եղել, չնայած խորհրդային տարիներին:
Ուկրաինան շատ ճնշված է եղել, եղել է Խորհրդային Միության գաղափարական բաստիոնը: Ուկրաինայում մեծ խնդիր կար այդ սովետականացումը հաղթահարելու: Դոնեցկն ու Լուգանսկն Ուկրաինայի ամենաաղքատ շրջաններն էին, այնտեղի հիմնական զանգվածը կարոտախտով էր հիշում խորհրդային տարիները: Պատերազմը շարունակվում է, պատերազմը մաշում է այդ երկիրը, բայց չնայած դրան՝ մեծ առաջխաղացում կա: Ուզեն-չուզեն, Ուկրաինան վերցրել է եվրոպական ուղին և ոչ մի քայլ հետ չի դառնում:
– Վերջին անգամ ե՞րբ եք եկել Հայաստան, արդյոք չե՞ք մտածում Հայաստանում ցուցադրություն ունենալու մասին:
– Այս ամռանն էի եկել, 10 օր մնացի և Հայաստանում լավ որակ տեսա, տեսա սիրուն երիտասարդություն, մասնակցեցի մի քանի ցուցահանդեսների բացմանը, տեսա բարյացակամություն մեկմեկու նկատմամբ: Վախենում էի, որ այս վերջին դեպքերից հետո՝ ապրիլյան պատերազմ, ՊՊԾ գնդի գրավում, միտինգներ, մարդկանց բանտարկություններ, և այլն, մարդկանց չարացած կտեսնեմ:
Տեսա, որ մարդիկ աղքատությունից ու դժվարությունից չեն չարացել: Դեռևս 2008թ. միտինգների ժամանակ զգուշացնում էի Լևոն Տեր-Պետրոսյանին, Արզումանյան Ալիկին, որ ժողովուրդը սոված է ու բարկացած, իսկ սոված ու բարկացած ժողովրդին ճնշելն ավելի հեշտ է: Հիմա ականատես եղա նրան, որ չնայած դժվարություններին, մեծ խնդիրներին՝ մարդկանց բարոյական վիճակը լավ է, մարդիկ բարի են: Շատ ուրախացա:
Ես շատ ուրախ կլինեմ ցուցահանդես ունենալ Հայաստանում: Ինձ նկարիչ Սարգիս Մուրադյանի աղջիկը՝ Զարուհին, հրավիրեց «Սարգիս Մուրադյան» ցուցասրահում ցուցադրվել: Վերջին մի քանի տարում դա առաջին դեպքն էր, որ հրավիրել են ցուցադրվել: Ինձ համար մեծ պատիվ է՝ գալ և ցուցադրվել Հայաստանում:
Վերջին անգամ Հայաստանում ցուցադրվել եմ 2008 թվականի փետրվարի 16-ին, երբ նախագահական ընտրություններն էին: Ցուցահանդեսս փակեցին երկրորդ թե երրորդ օրը, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանն իմ հրավերով եկավ ցուցահանդեսիս, կարծես դա մի սարսափելի բան էր: Իսկ ես Ղարաբաղ կոմիտեի հետ 88 թիվն եմ անցել, երիտասարդ ժամանակ էլ ակտիվ ու նվիրված եմ եղել: Այդ ժամանակ սարսափելի վրդովված էի:
– ՀՀ Մշակույթի նախարարը փոխվեց: Ներկայումս նորանշանակ նախարար ունենք՝ Արմեն Ամիրյանը: Ի՞նչ ակնկալիքներ ունեք:
– Ցավոք սրտի, քանի որ տարիներ շարունակ Կիևում եմ բնակվում, խուսափում եմ ինչ-որ բան ասել, քանի որ չեմ ճանաչում մարդկանց: Անգամ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ հայտարարություն չարեցի, քանի որ ես սպասում էի, որ նախ՝ ինքս հասկանամ, թե այդ ամենն ուր է գնում: Եթե Հայաստանում լիներ՝ կասեի կարծիքս, քանի որ ես ապրել եմ Հայաստանի ցավերով և դարդերով, ես այդ երկրի զավակն եմ, բայց որ հիմա, երբ դրսում եմ, ինձ իրավունք չեմ կարող վերապահել ինչ-որ հայտարարություն անել, քանի որ իրավիճակին ծանոթ չեմ:
Ով էլ լինի նախարարը, անհրաժեշտ է, որ մարդիկ մեծ պահանջկոտություն ցուցաբերեն: Նախարարը չի որոշում մշակույթի հետագա զարգացումը, դա պետք է լինի ազգային ծրագիր, որ հասարակության, մշակութային, քաղաքական գործիչների հետ ներսից լինի այդ պահանջը: Հայաստանն այն երկրներից է, որի բրենդը մշակույթն է: Պահանջկոտություն է անհրաժեշտ ցուցաբերել:
Երբ եկել էի Հայաստան, հեռուստացույցով ահավոր ռաբիսություն էր հնչում, անհասկանալի թուրքաքրդաարաբական վատորակ երաժշտություն՝ համեմված հայկական երգի հետ: Ամենացածր որակի, վատ, հայերեն բառերով խառնված ինչ-որ երաժշտություն էր հնչում: Արաբական բարձր որակի, քրդական բարձր որակի երաժշտությունը շատ գեղեցիկ է: Խորհրդային տարիներին, չնայած ճնշմանը, երաժշտությունը կոմիտասյան երաժշտության վրա էր կառուցվում: Ցուցասրահները քիչ են Հայաստանում, բայց ունենք շատ տաղանդավոր նկարիչներ: Հարկավոր է անել այնպես, որ մարդիկ վերադառնան դրսից, այլ ոչ թե գնան: Պետք է հնարավորություն ստեղծել:
Լավ երիտասարդություն ունենք: Շատ են ասում՝ գնում են, հեռանում են Հայաստանից, բայց միևնույն է, հոգևոր արմատ կա, որը պտուղ է տալիս: Մենք անընդհատ սովոր ենք հպարտանալ մեր անցյալով, եկեք այսօրը կառուցենք այդ անցյալի վրա: