Ռուսաստանը փորձում է լռեցնե՞լ Հայաստանին

«Հայաստանի տնտեսական ցուցանիշներն ակնհայտ են, և դրա մասին փաստել է նաև վարչապետը՝ ասելով, որ մեր տնտեսությունը ծանր վիճակում է գտնվում։ Իսկ Եվրասիական ինտեգրացիայի կենտրոն դառնալը, անկեղծորեն, ես չեմ պատկերացնում, թե դա ինչ է նշանակում։ Այդ ձևակերպումն անհասկանալի է։ Հայաստանն ինչպե՞ս կարող է դառնալ ինտեգրացիայի կենտրոն։ Այսինքն՝ ենթադրվում է, որ Հայաստանն ամենազարգացածն է, տեխնոլոգիապես ամենադոմինանտն է, ուժեղ է՝ որպես տնտեսություն։ Դա կամ քարոզչական ինչ-որ նպատակ ունեցող հայտարարություն է, կամ էլ գուցե մենք ենք սխալ հասկացել, որովհետև իսկապես չգիտեմ՝ ի՞նչ է նշանակում՝ Հայաստանն ինտեգրացիայի կենտրոն»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանը՝ մեկնաբանելով Երևանում Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի ժամանակ ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի հայտարարությունը, թե Հայաստանի տնտեսությունը ԵՏՄ անդամակցությունից հետո արձանագրում է «տպավորիչ ցուցանիշներ» և կարող է դառնալ Եվրասիական ինտեգրացիայի կենտրոն։

Ըստ նրա՝ թե՛ ՀՀ ՀՆԱ 10% աճի մասին ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությունը, թե՛ Գլազևի այս հայտարարությունը գուցե միտված են նրան, որ ցույց տան, որ ԵՏՄ-ն ունեցել է բարերար ազդեցություն Հայաստանի վրա, և Հայաստանը չի կարող այսօր պատճառաբանություն բերել, որ անհաջողությոն է արձանագրում, հայտնվել է փակուղում և ստիպված է կատարել ընտրություն ու ստորագրել ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը, ստիպված է ավելի պարզ, ազատ քաղաքականություն իրականացնել Իրանի հետ, և որպեսզի նման փաստարկներ, որ կարող են հայկական կողմից հնչեցվել, դրանց դեմն առնեն։

Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որ Հայաստանը դեֆոլտի վտանգի առջև է, Ա.Եղիազարյանը դժվարացավ նշել, թե այն ինչ նպատակ է հետապնդում. «Ինձ համար անհասկանալի է, որ նման կարծիք հնչեցնում է Լևոն Տեր-Պետրոսյանը, համենայն դեպս նա դեմ չէր, որ Հայաստանը դառնար ԵՏՄ անդամ։ Հիշում ենք նրա հայտնի ելույթը։ Այս համատեքստում ակնհայտ է, որ նույնիսկ դեֆոլտը կամ ծանր տնտեսական իրավիճակն արդյունք է այդ անդամակցության, որ Հայաստանն այդ անդամակցության արդյունքում մեկուսացվեց, զրկվեց զարգացման բոլոր հնարավորություններից։ Գուցե Տեր-Պետրոսյանն այդ հայտարարությամբ ուզում է ցույց տալ, որ երկրի վիճակը ծանր է, գուցե ներսում կամ դրսում ինչ-որ լսարանի է ուղղված, այս պահին չեմ կարող ասել։ Այնուամենայնիվ, հնարավոր է, որ որոշակի քաղաքական ենթատեքստ կա դրա տակ։ Բայց միաժամանակ դա իրականությունից այդքան հեռու չի, և պետական պարտքի սպասարկման առումով մեր վիճակը ծանր է, և անգամ պաշտոնյաները, իշխանությունները նույնպես դրա մասին բարձրաձայնում են։ Եվ պատահական չի, որ հաջորդ տարվա բյուջեում 100 մլրդ-ով ծախսերը կրճատվել են այն նպատակով, որ գոնե արտաքին պարտքի ներգրավման ծավալները կրճատվեն, որովհետև ֆինանսական ռեսուրսների բացը վերջին տարիներին լրացնում էինք պարտքի հաշվին»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31