
«ՀԱՊԿ խորհրդի նիստին քննարկվելու է հարցերի լայն շրջանակ». Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահական նստավայրում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստը՝ նեղ կազմով: Նիստի մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Ողջունելով ներկաներին՝ ՀՀ Նախագահն ընդգծեց, որ համատեղ ուժերով փորձելու են անել ամեն ինչ, որպեսզի համատեղ աշխատանքը լինի հագեցած և արդյունավետ, օգտակար լինի համագործակցության համար, նպաստի ՀԱՊԿ-ի զարգացմանը:
«Այսօր մենք քննարկելու ենք հարցերի բավականին լայն շրջանակ, որոնք վերաբերում են նախկինում մեր կողմից ընդունած որոշումներին, մի շարք փաստաթղթեր, որոնց ընդունումը կնախանշի մեր քայլերը մոտակա հեռանկարում»,- ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա հույս հայտնեց, որ կառուցողական տրամադրությունը կուղեկցի նիստի մասնակիցներին և հնարավորություն կտա օպերատիվ կերպով նոր ու կարևոր որոշումներ ընդունել:
ՀՀ Նախագահը առաջարկեց հաստատել նիստի օրակարգը, հայտարարելով, որ նիստի ավարտից հետո ՀԱՊԿ-ում նախագահությունը կփոխանցվի Բելառուսին: