Կարեն Կարապետյանն ընդունել է Ղազախստանի վարչապետին
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիտժան Սագինտաևի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է, որ 2016 թվականը խորհրդանշական տարի է Հայաստանի և Ղազախստանի համար, քանի որ երկու երկրները տոնում են անկախության 25-ամյակը: «Մենք գործընկերներ ենք Եվրասիական տարածաշրջանում, և կարծում եմ՝ համատեղ աշխատանքի մեծ ներուժ ունենք: Կցանկանայի հավաստիացնել, որ մենք բաց ենք համագործակցության համար, և այսօրվա հանդիպումը լավ առիթ է առաջ շարժվելու ուղղությունները նախանշելու համար»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Ղազախստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և նշել, որ Ղազախստանը կարևոր նշանակություն է տալիս Հայաստանի հետ համագործակցության զարգացմանը: «Մենք փոխշահավետ կառուցողական երկխոսություն ունենք բոլոր մակարդակներում, և հատկապես սերտ գործակցություն է ծավալվում Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Մենք ունենք ցանկություն և հնարավորություն՝ նոր մակարդակի բարձրացնել երկկողմ միջպետական և տնտեսական հարաբերությունները», – ասել է Բակիտժան Սագինտաևը:
Հայաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են առևտրատնտեսական կապերի խորացմանը վերաբերող հարցեր: Կարեն Կարապետյանը նշել է, որ ՀՀ նոր կառավարությունը որդեգրել է օտարերկրյա ներդրումների ներգրավումը խթանող քաղաքականություն և կոնկրետ քայլեր է ձեռնարկում արտաքին ներդրողների համար բարենպաստ բիզնես միջավայրի ձևավորման ուղղությամբ: Բակիտժան Սագինտաևը ողջունել է ՀՀ կառավարության՝ արտասահմանյան ներդրողների գործունեության համար նպաստավոր դաշտ ստեղծելու պատրաստակամությունը և ընդգծել, որ դա լավ ազդանշան է և հնարավորություն՝ նաև հայ-ղազախական գործարար կապերի զարգացման համար:
Երկու երկրների վարչապետները մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ-ի շրջանակում գյուղատնտեսության, զբոսաշրջության, օդային հաղորդակցության, էներգետիկայի բնագավառներում համագործակցության ընդլայնման, ապրանքաշրջանառության ծավալի ավելացման շուրջ: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ պետք է առավել ինտենսիվացնել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները: Կողմերն առանձնակի կարևորել են հայ-ղազախական գործարար կապերի աշխուժացումը և քննարկել այդ նպատակով համատեղ բիզնես ֆորումի, էքսպո-ցուցահանդեսի կազմակերպմանն առնչվող հարցեր: ՀՀ վարչապետի խոսքով՝ միջկառավարական հանձնաժողովը, գործարար համաժողովներն ու էքսպո-ցուցահանդեսները լավ հարթակ են բիզնես կապերի խթանման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային նախաձեռնությունների համար:
Հանդիպմանն արծարծվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: