Սկանդալային բացահայտումներից հետո ԱՄՆ-ի երկրորդ ամենախոշոր բանկի տնօրենը հրաժարական է տվել

Սկանդալային բացահայտումներին և հազարավոր աշխատակիցների հեռացմանը հաջորդել է «Wells Fargo» բանկի տնօրենի հրաժարականը:

«Wells Fargo» (Ուելս Ֆարգո) բանկի նախագահ և գործադիր տնօրեն Ջոն Սթամֆը չորեքշաբթի օրը հրաժարական է տվել: Հրաժարականը հաջորդել է վերջերս բանկի շուրջ ծավալված սկանդալային բացահայտմանը:

Նոր հաշվեհամարների, տան վարկավորման, թոշակային հաշվեհամարների և նույնիսկ օնլայն ծառայություններից օգտվողների թվի կայուն աճի շնորհիվ «Wells Fargo»-ն բանկային արդյունաբերությունում մեծ համբավ էր վայելում: Սակայն վերջերս բացահայտվել էր, որ վաճառքի տարեկան նպատակներին հասնելու համար բանկի աշխատակիցները բացել էին ավելի քան 2 միլիոն կեղծ հաշվեհամարներ:

Այս սկանդալի հետևանքով ավելի քան 5300 աշխատակիցներ բանկից հեռացվել են, իսկ «Wells Fargo»-ն համաձայնել է 185 միլիոն դոլար վճարել բանկի դեմ առաջադրված մեղադրանքները կարգավորելու համար:

Նշենք, որ բանկը այժմ անցնում է մի շարք հետաքննությունների միջով, այդ թվում նաև դաշնային և պետական կառույցների և նույնիսկ ԱՄՆ-ի Արդարադատության նախարարության կողմից:

Նախքան հրաժարականը, սեպտեմբերին Ջոն Սթամֆը հարցաքնվել է Կոնգրեսում և հարցաքննության ժամանակ պաշտպանել է բանկի վաճառքի եղանակները: «Wells Fargo»-ի տնօրենի պաշտոնը ստանձնելու է բանկի գլխավոր գործարքների պատասխանատու Սթիվ Սլոնը:

Տեսանյութեր

Լրահոս