Լրանում է ՀԱԷԿ-ի շահագործման 40 տարին. Երևանում քննարկվում են միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման հարցերը
Այսօր Երևանում աշխատանքներն է սկսել ԱՊՀ անդամ երկրների Ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման հանձնաժողովը։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը կարևորեց հանձնաժողովի դերն ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում։ Նախարարի կարծիքով՝ սա լավ հնարավորություն է փորձի փոխանակման համար։
Ա.Մանուկյանը ներկայացրեց հանձնաժողովի վերջին նիստից հետո Հայաստանի կառավարության կողմից միջուկային էներգետիկայի ոլորտի վերաբերյալ ստորագրված փաստաթղթերը։ Ըստ նրա՝ միջուկային էներգետիկայի զարգացման համար շատ կարևոր է տեղեկատվության փոխանակումը, փոխօգնությունը, կադրերի վերապատրաստումը։
Նախարարը ներկայացրեց, որ վերջերս ՄԱԳԱՏԷ-ի հանձնաժողովի ժամանակ քննարկվել է նաև հայկական ատոմակայանի հարցը, արձանագրվել է, որ բոլոր խնդիրները նորմերին համապատասխան լուծվել են, անցկացվել է փորձաքննություն. «Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները ստորագրել են ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի կառուցման մասին համաձայնագիրը։ Նախատեսվում է մեծ ծավալի ուսումնասիրություններ անցկացնել։ Աշխատանքներն իրականացվում են մանրակրկիտ մշակված ծրագրով։ Պետք է նշել, որ այսօր լրանում է ՀԱԷԿ-ի շահագործման 40 տարին»։
«ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցումը հատուկ նախագիծ է, որն ունի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական նշանակություն»,- իր հերթին՝ նշեց «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասսկին։
Ըստ նրա՝ հանձնաժողովի աշխատանքները պետք է լինեն բազմակողմ, սակայն վակուում պետք չէ, միաժամանակ պետք է աշխատել երկկողմ ուղղություններով, և կարևոր է աշխատանքները միատեսակ ստանդարտներով իրականացնելը։ Սպասսկին նկատեց՝ հանձնաժողովն արդեն 17-րդ նիստն է գումարել, ինչն ինքնին խոսուն թիվ է։
Նիստի արդյունքներով ստորագրվելու է արձանագրություն։ Հանձնաժողովի հաջորդ նիստը կանցկացվի Տաջիկստանում։