
«Պեպ Գվարդիոլան մարքետինգային նախագիծ է, այլ ոչ թե՝ մարզիչ»

Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Վանդերլեյ Լուշեմբուրգոն կասկածում է կատալոնացու տաղանդին:
«Գվարդիոլան, մեծ հաշվով, մարքետինգային նախագիծ է, այլ ոչ թե՝ մարզիչ: Հարց տվեք՝ ի՞նչ է նա հաղթել: Նա շատ տիտղոսներ է նվաճել «Բարսելոնայում», բայց հետո եկավ Լուիս Էնրիկեն և նորից ամեն ինչ նվաճեց:
Գվարդիոլան տեղափոխվեց «Բավարիա», երկար ժամանակ պատրաստվում էր, սովորում էր գերմաներեն, բայց չհասավ այնպիսի արդյունքների, ինչպես առաջ: 70-ամյա Յուպ Հայնկեսը թրեբլ ձևակերպեց «Բավարիայում», իսկ Գվարդիոլան չկարողացավ:
Կարլո Անչելոտին հաղթել է «Միլանի» և «Ռեալի» հետ, Գվարդիոլան կապացուցի, որ ինքը լավագույնն է, միայն, եթե հաջողությունների հասնի «Մանչեսթեր Սիթիում»»,- հայտարարել է Լուշեմբուրգոն Fox Sports-ին:
Բրազիլացին ղեկավարել է «Ռեալը» 2004-05թթ. մրցաշրջանում՝ մադրիդցիների հետ դառնալով Իսպանիայի փոխչեմպիոն:
Գվարդիոլան ամռանը գլխավորեց «Մանչեսթեր Սիթին»: 7 տուրերից հետո նրա թիմն առաջատարն է ԱՊԼ-ում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը