«Դալլաքյանը հասկանում է, որ ոչ միայն 2012թ. ընտրություններին է պարտվել, այլ նաև 2017թ. ընտրություններին կարող է խոչընդոտներ ունենալ՝ ի դեմս «Լուսավոր Հայաստանի»». Ստյոպա Սաֆարյան
«Վիկտոր Դալլաքյանի վերադարձը չէի ցանկանա այդպիսի նոտաներով տեսնել։ Ես վերին աստիճանի կարևորել եմ նախորդ գումարումներում իր խորհրդարանական աշխատանքը, նրան համարել եմ պրոֆեսիոնալ, բայց չեմ կարծում, որ ընտրված ոճը՝ ուղղակի դաշտ մտնել վերջին շրջանում վերելքի ակնհայտ նշաններ ցույց տվող ուժի հաշվին (նկատի ունի «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը.- Ռ.Մ.), կարող է հաջողություն բերել»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ և ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի՝ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հասցեին արված հայտարարություններին՝ ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։
Ս. Սաֆարյանի խոսքով՝ նման հայտարարություն անելու պատճառը պետք է փնտրել նրանում, որ և՛ Վիկտոր Դալլաքյանը, և՛ Էդմոն Մարուքյանը Վանաձորից են.
«Մի կողմից՝ զուտ մարդկայնորեն ըմբռնելի է, թե ինչու է նա իր պարտության մեջ մեղադրում իրեն հաղթած մրցակցին, բայց մյուս կողմից էլ՝ քանի որ Վիկտոր Դալլաքյանը հայտարարում է, որ մասնակցելու է 2017թ. խորհրդարանական ընտրություններին, կարելի է նկատել, որ այս առումով նա գիտակցում է՝ Վանաձորում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Էդմոն Մարուքյանը լուրջ առավելություններ է գրանցում նաև ապագա խորհրդարանական ընտրությունների համար։
Ես կարծում եմ՝ Վիկտոր Դալլաքյանի հայտարարություններն ընդդեմ Էդմոն Մարուքյանի ու «Լուսավոր Հայաստանի»՝ հենց այս դաշտում են։ Այսինքն՝ նա հասկանում է, որ ոչ միայն 2012թ. ընտրություններին է պարտվել, այլ նաև 2017թ. ընտրություններին կարող է խոչընդոտներ ունենալ՝ ի դեմս «Լուսավոր Հայաստանի»»։
Ս. Սաֆարյանը նկատեց՝ կարող են վստահաբար ասել, որ Վանաձորում պառլամենտական ընտրությունների քարոզարշավն արդեն սկսվել է։
Անդրադառնալով Վ. Դալլաքյանի այն հայտարարությանը, թե ինքը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը և ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնելիս՝ 4 տարի Սերժ Սարգսյանի հետ ընդհանրապես չի հանդիպել , Ստյոպա Սաֆարյանը, հիշելով իր անձնական փորձը, երբ եղել է ԱԺ-ում, նշեց, որ թե՛ Դալլաքյանը, թե՛ Գառնիկ Իսագուլյանը չէին տեսնում Սերժ Սարգսյանի դեմքը.
«Թե ինչո՞ւ էին առանց դեմքը տեսնելու աշխատում, այդ հարցի պատասխանն իրենք կարող են տալ»։