«Ես ընդունել եմ այդ խաղի կանոնները: Մնացել եմ նախագահականում, որ քարերը լավ հավաքեմ». Վիկտոր Դալլաքյան

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ և ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե ինքը ժամանակին համաձայնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի և ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցչի  պաշտոնը զբաղեցնել, որովհետև կա քարերը հավաքելու և քարերը նետելու ժամանակը, իսկ այժմ եկել է իր քարեր նետելու ժամանակը:

Վ. Դալլաքյանը պնդեց, որ այս ընթացքում` 4 տարի, Սերժ Սարգսյանի հետ ընդհանրապես չի հանդիպել: Նա հայտարարեց, որ հաջորդ տարի խորհրդարանական ընտրություններին իր մասնակցությունը կլինի համապատասխան կուսակցական ցուցակով, բայց փակագծերը չբացեց, թե ինչ կուսակցության մասին է խոսում` խոստանալով այս ամսվա ընթացքում ֆորմատը ներկայացնել և մինչև նոյեմբերի 1-ը կրկին հանդիպել լրագրողներին: Դալլաքյանը միայն նկատեց, որ «Շրջադարձ» հասարակական կազմակերպությունը չի կարող դառնալ կուսակցություն:

Անդրադառնալով իր՝ «Օրինաց Երկիր» (այժմ՝ «Հայկական վերածնունդ») կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ համեմատությանը, որ ինքն էլ է այժմ ՀՀ նախագահական նստավայրից՝ Բաղրամյան 26-ից ուղարկվում` ընդդիմադիր դաշտը գրավելու համար, ըստ Վ. Դալլաքյանի, պետք է հումորի մեծ զգացում ունենալ նման համեմատություն անելու համար:

Անդրադառնալով իր ստեղծելիք կուսակցությանը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի անդամակցությանը, որի մասին մամուլն օրեր շարունակ գրում է, Վ. Դալլաքյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց, այլ նշեց, որ Օհանյանն իր գործունեության և ծրագրերի մասին որևէ հրապարակային հայտարարություն չի կատարել, և ինքն էլ ձեռնպահ կմնա որևէ գնահատական տալուց.

«Ես բարձր եմ գնահատում Սեյրան Օհանյանի գործունեությունը, և ցանկացած կուսակցության համար պատվաբեր կլիներ նրա հետ համագործակցելը»:

Վիկտոր Դալլաքյանի կողմից տարիներ առաջ արված հայտարարությունը` կազինոներում Սերժ Սարգսյանի մսխած գումարների մասին, ինչպես նաև այն, որ Սերժ Սարգսյանին զոլավոր շորեր է հագցնելու, մնում են ուժի մեջ:

«Ինձ մեկուսացրել են, տվել են մի աշխատանք, որ քաղաքական կյանքի վրա ազդել չի կարող, և ես ընդունել եմ այդ աշխատանքը: Բայց ես հասկացել եմ, որ այս առաջարկն ընդամենը եղել է քաղաքական կյանքից ինձ մեկուսացնելու աշխատանք: Ես ընդունել եմ այդ խաղի կանոնները: Մնացել եմ նախագահականում, որ քարերը լավ հավաքեմ»,- ասաց նա:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին լուրերին` Վ.Դալլաքյանը հերքեց, թե որևէ կապ ունի նրա հետ, սակայն միաժամանակ նկատեց, որ Գագիկ Ծառուկյանին չարիք չի համարում քաղաքականության մեջ, այլ չարիք է համարում այն անձանց, որոնք չարիք են համարում Ծառուկյանին: Ընդ որում, ըստ Դալլաքյանի, նախկինում ինքն է հեղինակել Գագիկ Ծառուկյանի ծրագիրը, այն էլ` անվճար հիմունքներով:

Տեսանյութեր

Լրահոս