Անե՞ծք, թե՞ աղետաբեր սերնդափոխություն. ինչպե՞ս փրկել Հայաստանի ազգային հավաքականը Լեհաստանի հետ խաղում
Աշխարհի 2018 թվականի առաջնության նախընտրական փուլը Հայաստանի ազգային հավաքականի համար ամենաանհաջողներից մեկն էր պատմության ընթացքում:
Առաջին անգամը չէ, որ հավաքականն անհաջող է սկսում ընտրական մրցաշարը, սակայն սա երևի թե առաջին անգամն է, որ հավաքականի երկրպագուներն արդեն իսկ կորցրել են Աշխարհի առաջնության եզրափակիչ անցնելու հույսերը: Ո՞րն է սրա պատճառը:
Պատճառներն իրականում շատ են՝ հավաքականի առաջատարներին հետապնդող վնասվածքները, որոնք, ըստ հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի՝ լրագրողների ստեղծած մթնոլորտի արդյունքն են, շատերի համար դեռևս չբացահայտված հանգամանքներով պատժված ֆուտբոլիստներ, ովքեր չեն հրավիրվում հավաքական, նոր գլխավոր մարզիչ, որը դեռևս ամբողջությամբ չի ինտեգրվել հավաքականին…
Չնայած հավաքականին հետապնդող խնդիրներին՝ պետք է շարունակել խաղալ և պատվով ավարտել ընտրական մրցաշարը: Այսօր մենք հանդիպելու ենք մեր խմբի ամենաուժեղ մրցակիցներից մեկին՝ Լեհաստանի հավաքականին: Հավաքականին պետք են լուրջ փոփոխություններ: Առաջին փոփոխության մասին հայտնեց հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը Ռումինիայից կրած ջախջախիչ պարտությունից հետո:
Հայաստան-Ռումինիա խաղից առաջ վնասվածք ստացած Գեղամ Կադիմյանը չի մասնակցի Լեհաստանի դեմ խաղին: Նրա փոխարեն՝ հավաքականի ճամբարին է միացել Ռուսլան Կորյանը:
Հավաքականի ամենամեծ խնդիրներից մեկը Հենրիխ Մխիթարյանի բացակայությունն է: Լեհաստանի դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը նշեց, որ ֆուտբոլը թիմային խաղ է, և հավաքականը կանի ամեն ինչ՝ առանց Մխիթարյանի էլ լավ խաղ ցուցադրելու համար: Թիմի կիսապաշտպան Դավիթ Մանոյանն էլ նշում է, որ Մխիթարյանի բացակայությունը զգացվում է թե՛ հանդերձարանում, և թե՛ խաղադաշտում, սակայն թիմն անելու է ամեն բան՝ առանց նրա ևս լավ հանդես գալու համար:
Կադրային մյուս խնդիրները կապված են հավաքական չհրավիրված ֆուտբոլիստների հետ: Այդ ֆուտբոլիստների թվում է նաև հավաքականի լավագույն ժամանակների «մեղավորներից» մեկը՝ Յուրա Մովսիսյանը, ով ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ սև ցանկում գտնվող ֆուտբոլիստների թվում է:
Հիմա, երբ Մովսիսյանը լավ խաղ է ցուցադրում MLS-ում, երկրպագուները պահանջում են վերադարձնել նրան: Երկրպագուների հետ համաձայն է նաև հավաքականի ներկայիս ավագ Մարկոս Պիզելին, ով Ռումինիայի հետ խաղից հետո նշել է, որ Մովսիսյանը հիմա կարող է շատ օգնել թիմին: Վարուժան Սուքիասյանը, խոսելով Մովսիսյանի մասին, նշում է, որ պայմանավորվածություն է եղել նրա հետ, սակայն Մովսիսյանը հրաժարվել է հանդիպել:
Լեհաստանի հետ խաղում Հայաստանի ազգային հավաքականի խնդիրը ոչ միայն չպարտվելն է, այլև պատվով ելույթ ունենալն ու իր հանդեպ վստահությունը վերադարձնելն է:
Թե ինչպիսի ֆուտբոլ կդավանենք մենք այդ խաղում՝ այդպես էլ պարզ չդարձավ հավաքականի մարզչի խոսքերից: Վարուժան Սուքիասյանը միայն նշեց, որ հավաքականն ուսումնասիրել է Լեհաստանի հավաքականի խաղը և գիտի այս հավաքականի ուժեղ և թույլ կողմերը: Իսկ մարտավարական պլանի հետ կապված մյուս հարցերին ի պատասխան՝ հնչեց նույն պատասխանը՝ կտեսնենք:
Եթե Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմի հետ մի շարք խնդիրներ կան, ապա նույնը չի կարելի ասել Լեհաստանի մասին: Լեհերի միակ լուրջ կորուստը Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Լուկաշ Պիշչեկն է, ով ստացել է ոչ շատ լուրջ վնասվածք Դանիայի հավաքականի հետ խաղում, որից հետո վերադարձել է ակումբ:
Ըստ բուքմեյքերների՝ Լեհաստանի հավաքականը ոչ մի խնդիր չի ունենալու սեփական հարկի տակ, ավելին, փորձելու է հաղթել խոշոր հաշվով:
Այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին, Վարշավայի «Ազգային» մարզադաշտում ԱԱ 2018-ի ընտրական փուլի երրորդ տուրի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը կհյուրընկալվի Լեհաստանի ընտրանուն: Հայաստանի ազգային հավաքականի շուրջ տեղի ունեցողը, լինի անեծք թե սերնդափոխության դաժան հետևանք, Լեհաստանի հետ հանդիպումը պետք է լինի ոչ միայն 3 միավորի, այլև սեփական արժանապատվությունը բարձր պահելու և երկրպագուների վստահությունը վերականգնելու հանդիպում:
Սիրարփի Աղաբաբյան