«Ես ուղղակի հորդորում եմ Գագիկ Ծառուկյանին՝ գալ քաղաքականություն». Գուրգեն Եղիազարյան

«Ծիծաղելի հարցեր եք տալիս, Վանաձորում հաղթել է Սերժ Սարգսյանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ընդդիմությունը կկարողանա՞ միասնականություն ցուցաբերել ու հաղթել ՀՀԿ-ին Վանաձորում:

Հարցին, թե ինչպե՞ս է հաղթել ՀՀԿ-ն, Գ. Եղիազարյանը պատասխանեց. «Ուղիղ, դեմ դիմաց». «Երկու տարի առաջ ասացի՝ Գագիկ Ծառուկյանը վերադառնալու է քաղաքականություն, ես ուղղակի հորդորում եմ նրան՝ գալ քաղաքականություն, եթե գար ու տեր կանգներ ԲՀԿ-ին, այդ խաղերը Վանաձորում չէին լինի: Ասեմ, որ ՀՀԿ-ն հաղթել է Վանաձորում, պարտվել է Գյումրիում: Որպեսզի ԲՀԿ-ն այդ վիճակում չլիներ, լավ կլիներ՝ Գագիկ Ծառուկյանը լսեր ժողովրդի հորդորը ու հետ գար, եթե մի քիչ շուտ գար ու տեր կանգներ իր ստեղծած ԲՀԿ-ին, մենք մի քիչ այլ պատկեր կունենայինք: Իր վերադարձը ժողովրդի պահանջն է»:

Գ. Եղիազարյանի խոսքով՝ փակ քվեարկության ժամանակ Պողոսն ու Մարտիրոսը կընտրեն Կիրակոսին, որն էլ կհաղթի. «Արդեն հաղթել է Սերժ Սարգսյանը, իսկ Գյումրիում՝ պարտվել է»:

Լրագրողի դիտարկմանը, թե Գյումրիում Սամվել Բալասանյանն է հաղթել, Գ. Եղիազարյանը հիշեցրեց, որ գոյություն ունի այկիդո ճապոնական սպորտաձև. «Երբ ինչքան ուժեղ ես հարվածում, այնքան հակառակ կողմը քեզ ուժեղ է հարվածում: Իսկ Վանաձորում ՀՀԿ-ն հաղթել է»:

Կարդացեք նաև

Նա նշեց, որ Էդմոն Մարուքյանի դեմ ոչինչ չունի, բայց, ըստ նրա, Հայաստանում այդպես չի կարող լինել, որ անհայտությունից գա մի կուսակցություն ու ԲՀԿ-ի ձեռքից ռեսուրսը խլի:

Ասուլիսին ներկա ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը նշեց, որ ինքը 1990 թվականից մասնակցում է ՏԻՄ ընտրություններին շատ ակտիվ: Նրա խոսքով՝ ՏԻՄ ընտրությունները որակապես տարբերվում են համապետական ընտրություններից: «ՏԻՄ ընտրություններում ավելի շատ մարդկային գործոնն է աշխատում, այնպես չէ, որ ով ՏԻՄ ընտրություններում հաղթում է, պետք է հաղթի նաև համապետական ընտրություններում»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Լ. Ալեքսանյանի դիտարկմամբ՝ ՀՀԿ-ն միշտ ընտրում է այնպիսի թեկնածուների, որոնք հասարակական մեծ աջակցություն ունեն, որոնք կարող են լավ աշխատել:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս