Բաժիններ՝

Նախագահական բանավեճի երկրորդ փուլում Թրամփն ու Քլինթոնը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել

ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնի և Դոնալդ Թրամփի հեռուստատեսային բանավեճը Վաշինգտոնի Սենտ-Լուիսի համալսարանում սկսվել է դերային մոդելների մասին հարցից և անմիջապես անցում կատարել 2005թ. տեսագրությանը, որտեղ Թրամփը մասնավորապես պարծենում է, թե ինչպես է «սեղմել» կանանց, համբուրել նրանց և դիպչել նրանց ինտիմ մասերին, հայտնում է The Guardian-ը։

Հանրապետական թեկնածուն հայտարարել է, որ լրագրողները իր ներողությունը ճիշտ չեն հասկացել, որ իր խոսքերը կատակ են եղել։

Քլինթոնը նկատել է, որ Թրամփը առաջին թեկնածուն է, ում համապատասխանությունը նախագահի պաշտոնին իր մոտ կասկածներ է հարուցում։

Քլինթոնը հանրապետական թեկնածուին հիշեցրել է սեքսիզմը, «ում ասես վիրավորելու հակումը»։ Ի պատասխան՝ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը «ավելի վատ բաներ է արել» և պարբերաբար ոտնձգություններ է կատարել կանանց նկատմամբ։ Նրա խոսքով՝ Հիլարին պետք է ամաչի իր ակնարկներից։

«Քաղաքականության պատմության մեջ չի եղել մեկը, ով իրեն այդպես կպահեր կանանց նկատմամբ»,- ասել է Թրամփը՝ ակնարկելով ԱՄՆ նախկին նախագահին։ Հիլարին հրաժարվել է քննարկել Թրամփի խոսքերը՝ ուղղված իր ամուսնու հասցեին։ Ի պատասխան՝ նա ասել է, որ հրապարակված տեսագրությունը ցույց է տալիս ընտրողներին, թե ինչպիսին է իրականում Թրամփը։

Հեռուստաբանավեճի մյուս սուր կողմը եղել է Հիլարի Քլինթոնի կողմից էլեկտրոնային փոստի օգտագործման հարցը ԱՄՆ պետքարտուղար եղած տարիներին։ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում կհրամայի դատախազությանը ստուգել Քլինթոնի էլ. փոստը։

«Հաշվի առնելով պարոն Թրամփի խառնվածքը՝ հրաշալի է, որ նա չի վերահսկում օրենքի կիրառությունը մեր երկրում»,- նշել է Քլինթոնը։
«Դուք բանտում կլինեիք»,- պատասխանել է Թրամփը։

Այնուհետ ԱՄՆ նախագահի թեկնածուներն անդրադարձել են առողջապահության համակարգի բարեփոխումներին, որոնք հայտնի են որպես Obamacare։Թրամփն այն անվանել է ձախողված, իսկ Քլինթոնը հայտարարել է, որ լրամշակումներից հետո այն նոր ուժով կգործի։

Այնուհետ թեկնածուները վիճել են իսլամի, Սիրիայի հակամարտությունում Ռուսաստանի դերի շուրջ։ Թրամփը մեղադրել է իր մրցակցին բոլոր փախստականներին ապաստան տալու ցանկության մեջ, որոնց թվում կարող են լինել նաև ջիհադիստներ։ Քլինթոնն ընդգծել է, որ մուսուլմանները ԱՄՆ հասարակության բաղկացուցիչն մասն են, իսկ փախստականներին ապաստանելը մարդասիրական պարտք է։ Նա Ռուսաստանին մեղադրել է Սիրիայի քաղաքացիական պատերազմի երկարաձգման ու երկրի իրավիճակի ապակայունացման մեջ։

Թրամփը, իր հերթին, հայտարարել է, որ Վաշինգտոնի և Մոսկվայի միությունը Սիրիայում՝ ընդդեմ իսլամիստների, հաջողված է եղել։ «Ես ոչինչ չգիտեմ Ռուսաստանի ներքին կառուցվածքի մասին, ես այնտեղ ոչ մի բիզնես-հետաքրքրություն չունեմ»,- հավելել է հանրապետականը։

«Ռուսաստանն ու Իրանը դեմ են ԴԱԻՇ-ին, ես չեմ սիրում Ասադին, սակայն նա պայքարում է ԴԱԻՇ-ի դեմ։ Հալեպը, արդեն, կարելի է ասել, որ ընկել է»,- հավելել է նա։

Այս բանավեճը նախորդից տարբերվում էր իր ինտերակտիվությամբ։ Հարցերի կեսի հեղինակը հանդիսատեսն էր, որը նստած էր քաղաքական գործիչների առաջ։
Քլինթոնն ու Թրամփը ևս մեկ բանավեճ կունենան՝ հոկտեմբերի 19-ին։
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս