Հեռուստաընկերությունների հասույթը շարունակում է նվազել
Հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեությունից ստացված հասույթը 2016 թվականի հունվար-օգոստոսին կազմել է շուրջ 102 մլրդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ այն նվազել է 7.9%-ով։ Այս տվյալները ներկայացված են Ազգային վիճակագրական ծառայության՝ 2016 թվականի հունվար-օգոստոս ամիսների սոցիալ-տնտեսական վիճակի մասին զեկույցից (կապի ոլորտի ցուցանիշների բաժնում)։
Կապի ոլորտի հասույթի մեծ մասը՝ 97 մլրդ դրամը, բաժին է ընկնում հեռահաղորդակցության ոլորտին (բջջային և ֆիքսված կապի օպերատորներ, ինտերնետ պրովայդերներ)։ Նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ այս ուղղությամբ հասույթը կրճատվել է 7.8%-ով։
Ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման ոլորտի հասույթը նվազել է 5%-ով և կազմել 1 մլրդ 416.1 մլն դրամ։
Ամենից շատ նվազել է հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման ոլորտի հասույթը։ 2016 թվականի հունվար-օգոստոսին այն կազմել է 3 մլրդ 671.7 մլն դրամ, որը 11.1%-ով քիչ է նախորդ տարվ նույն ժամանակահատվածի ցուցանիշից։