Բաժիններ՝

Prisma-ն արդեն թույլ է տալիս խմբագրել տեսանյութերը

Նախորդ ամռանը թողարկված և մեգահիթ դարձած Prisma հավելվածը նոր հնարավորություն է գործարկել: Այսուհետ հավելվածը թույլ կտա խմբագրել նաև տեսանյութերը:

Այժմ հնարավոր է խմբագրել մինչև 15 վայրկյան տևողությամբ տեսանյութերը: Դեռևս հասանելի են թվով 9 ֆիլտրեր, սակայն մոտ ժամանակներս կավելանա թե՛ տեսանյութի տևողությունը՝ ծավալը, թե՛ ֆիլտրերի քանակը: Մշակման համար կարելի է ձայնագրել տեսանյութը հենց հավելվածի միջոցով կամ ընտրել արդեն նկարահանված տեսանյութերից:
Այս գործառույթը դեռևս հասանելի է միայն iOS 10-ի օգտատերերի համար:

Հավելվածի ալգորիթմները չեն փոխվել: Մշակումները կրկին կատարում են նեյրոնային ցանցերը, սակայն այս դեպքում ցանցերի կողմից մշակվում է ոչ թե միայն մեկ պատկեր, այլ պատկերների շղթա: Հավելվածի ստեղծագործական թիմից նշում են, որ iPhone 6-ի համար այս գործընթացը կտևի 2 րոպե, iPhone 6s-ի համար՝ 40-50 վայրկյան, իսկ iPhone 7-ում մշակումը կատարվում է հաշված վայրկյանների ընթացքում:

Android օպերացիան համակարգի օգտատերերը, հնարավոր է, փոքր-ինչ երկար սպասեն այդ գործառույթի կիրառմանը, քանի որ հավելվածի հեղինակները դեռ չեն ավարտել Android-ի համար նախատեսված մեկ այլ գործառույթ: Միայն այն բանից հետո, երբ հնարավոր կլինի Android-ում խմբագրել լուսանկարներն օֆլայն ռեժիմում, հավելվածի հեղինակները կսկսեն մտածել տեսանյութերի մասին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս