«Ես վանաձորցիներին ընտրազանգվածի պես չեմ վերաբերվել». Մամիկոն Ասլանյան

Հարցազրույց Վանաձորի քաղաքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանի հետ

– Պարոն Ասլանյան, Վանաձորի քաղաքապետ կարծես թե Դուք չեք ընտրվում, քանի որ կազմվել է կոալիցիա «Հայկական վերածնունդ» (նախկին ՕԵԿ), «Բարգավաճ Հայաստան»  և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների միջև: Ի՞նչ կասեք այս մասին:

– Դրանք քաղաքական պրոցեսներ են, որոնց ես նորմալ եմ վերաբերվում և չեմ կարող մեկնաբանել: Ուղղակի ուզում եմ ասել, որ վանաձորցիներն ինձ համար հարազատ ժողովուրդ են, ես նրանց ընտրազանգվածի պես չեմ վերաբերվել: Գուցե ուրիշների համար դա ընտրազանգված է, բայց ինձ համար Վանաձորի հարազատ ժողովուրդն է:

– Եթե Դուք չընտրվեք, Վանաձորում ի՞նչ գործունեություն եք ծավալելու, Ձեր նախընտրական ծրագրերը փորձելո՞ւ եք իրականացնել:

Կարդացեք նաև

– Ես Վանաձորի նոտարն եմ, պարապ չեմ: Իսկ մնացածի մասով՝ եկեք գործողություններից առաջ չընկնենք: Դեռ  քվեարկություն կա, դեռ քաղաքապետն ընտրված չէ: Բայց ով էլ ընտրվի, թող Վանաձորը տանի զարգացման ճանապարհով, Վանաձորում ստեղծվի առողջ, հանդուրժողական, առանց սուր անկյունների մթնոլորտ:

– Պարոն Ասլանյան, երբ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ իրենց թիմն է հաղթելու, Դուք մեզ հետ զրույցում վստահեցնում էինք, որ ՀՀԿ-ն է հաղթելու, Դուք եք հաղթելու: Հիմա կարծես «Լուսավոր Հայաստանն» այնուամենայնիվ առաջ է անցնում, ու մեծ է հավանականությունը, որ քաղաքապետ կընտրվի Քրիստ Մարուքյանը: Հիմա ի՞նչ կասեք:

– Դե՛, էլի ես առաջատարն եմ ու ես էլ հաղթել եմ այդ ընտրարշավում. ես սուտ բան չեմ ասել: Վանաձորի ճակատագիրն իր քվեի միջոցով որոշել է Վանաձորի ժողովուրդը:

– Եթե Քրիստ Մարուքյանն ընտրվի, Դուք իր հետ կհամագործակցե՞ք, թեկուզ՝ քաղաքի զարգացման Ձեր ծրագրերն առաջ տանելու հարցում:

– Ես որևէ մեկի հետ երբևէ անձնական խնդիր չեմ ունեցել ու չեմ էլ ունենա՝ անկախ նրանից՝ դա կլինի Քրիստ Մարուքյա՞նը, Արկադի Փելեշյա՞նը, թե՞ Այծեմնիկ Օհանյանը: Ես որևէ մեկի հետ որևէ խնդիր չունեմ և այն մարդն եմ, որ միշտ ունեցել եմ շատ շիտակ հարաբերություններ բոլորի հետ իմ անձնական շփումներում:

– Հարցս համագործակցության մասին էր. պատրա՞ստ եք համագործակցության:

– Եթե մեր մեջ նորմալ հարաբերություններ են, ես էլ շարունակում եմ մնալ անուղղելի վանաձորցի՝ և՛ քաղաքապետ դառնալու դեպքում, և՛ հակառակ դեպքում՝ իմ քաղաքի համար ցանկացած լուրջ, առողջ ծրագրի ջատագովներից մեկն եմ միշտ, ցանկացած կարգավիճակում:

Տեսանյութեր

Լրահոս