Գյումրու գործարարներին հատուկ աջակցություն չի ցուցաբերվի
ՀՀ Կառավարությունը բացասական եզրակացություն է ներկայացրել ԱԺ մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գյումրի քաղաքում ձեռնարկատիրական գործունեության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
Ներկայացված նախագծով առաջարկվում է իրականացնել Գյումրի քաղաքում գրանցված և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների գործունեության պետական աջակցություն` դրանով իսկ խթանելով նորաստեղծ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը, ինովացիոն գործունեությանը, արտահանմանը, բնակարանային շինարարությանը: Կառավարության եզրակացության համաձայն, մասնավորապես, հիշյալ ուղղություններով տարվող պետական քաղաքականությունը ներկայումս իրականացվում է համապատասխան ոլորտները կարգավորող գործող օրենքներով:
Նշենք, որ օրենսդրական նախաձեռնության հեղինակները ԲՀԿ խմբակցության պատգամավորներն են՝ Միքայել Մելքումյան, Նաիրա Զոհրաբյան, Լյովա Խաչատրյան, Վահե Էնֆիաջյան։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության նոր ծրագրով նախատեսվում է ստեղծել բիզնեսին աջակցող մեխանիզմ և այդ նպատակով անհրաժեշտ է ձևակերպել շատ հստակ կանոններ՝ մրցունակ դաշտը և արդարացիությունը չխախտելու պայմանով: