«Վերջին օրն արդեն խուսափում էին, փախցնում էին իրենց հայացքները. չգիտեմ՝ ինչ էր կատարվել այդ մարդկանց հետ». Գառնիի համայնքապետի կին թեկնածու
«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի քարտուղար Մանե Թանդիլյանն այսօրվա ասուլիսին խոսելով ՏԻՄ ընտրություններին կանանց մասնակցության մասին՝ ասաց, որ կանանց ներգրավածությունն ուղղակի անհրաժեշտություն է քաղաքականության մեջ. «Որոշումների կայացման գործընթացում էլ շատ կարևոր պայման է, որպեսզի կարողանանք ունենալ հավասարակշռված և բալանսավորված որոշումներ ու պետություն։ Այս ՏԻՄ ընտրություններին կանանց աննախադեպ մասնակցությունը միայն սկիզբն է, սա կարևոր է, որ կանայք սկսել են հետաքրքրվել քաղաքականությամբ, ու սա քայլ է առաջ։ Սակայն, իհարկե, շատ բարդ է տրվում և՛ մասնակցելու որոշումը, և՛ ապա մասնակցության արդյունքների հետ հաշտվելը, որովհետև կին թեկնածուներն այդքան էլ չեն ընտրվում։ Խնդիրը այդքան օրենսդրական դաշտում չէ, այլ ունենք մշակութային և կարծրատիպային խոչընդոտներ։ Սա իրական է, և հատկապես, երբ խոսում ենք ՏԻՄ ընտրությունների մասին, պետք է ասենք, որ կանանց դեռևս որոշում կայացնողներ և ղեկավարներ քիչ ենք տեսնում»։
Հարցին՝ կանայք դրանից չե՞ն հիասթափվում, նա պատասխանեց, որ, եթե քեզ այդպիսին չեն տեսնում, դա էլ ազդում է նաև քո որոշման վրա։
Գառնիի համայնքապետի նախկին թեկնածու Արուսյակ Այվազյանն էլ կիսվեց իր փորձով.
«Ես սկզբում բոլորովին էլ նպատակ չեմ ունեցել առաջադրելու իմ թեկնածությունը։ Երբ վտանգվում էր Ազատ գետը, մտածեցի՝ ինչպե՞ս կարելի է նման խնդիրների առաջ չկանգնել, որովհետև, եթե ներկայիս ղեկավարները չեն կարողանում ճիշտ կողմնորոշվել, փորձեմ ես էլ ներգրավվել այդ հարցերի մեջ՝ որպես ղեկավար անձ, ու տեսնեմ՝ ե՞ս ինչպիսի մոտեցում կարող եմ ցուցաբերել նման խնդիրների դեպքում։ Հիմնական պատճառը դա էր, բացի այդ, բնակիչների մի մասն էլ արդեն տեսնելով, որ մենք հաջողություն ենք արձանագրել՝ պահանջում էին, որ առաջադրեմ իմ թեկնածությունը, այդպես էլ արեցի։ Ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ որոշեցի առաջադրել թեկնածությունս, դա շատ կարճ ժամանակ էր, ես չէի կարող թիմ հավաքել։ Այն մարդիկ, ովքեր ծանոթանալով իմ ծրագրին՝ ողջունում էին, ասում, որ կարող եմ դա իրականություն դարձնել, վերջին օրն արդեն խուսափում էին, փախցնում էին իրենց հայացքները։ Չգիտեմ՝ ի՞նչ էր կատարվել այդ մարդկանց հետ։ Գուցե իրո՞ք այդ կարծրատիպերը կան, ու չեն կարողանում ձերբազատվել այդ կապանքներից, ազգակցական ու խմբային շահերից։ Գուցե իրենց մտքում նաև սեռայի՞ն խտրականություն են դնում»։
«ՕքսԵՋեն» Երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչ Անուշ Խաչատրյանն էլ նկատեց՝ այդքան էլ աննախադեպ չէր կանանց մասնակցությունը թվաքանակի առումով, որովհետև այդ չափի ավելացումն ըստ նրա՝ գրանցվել է համամասնական ընտրության արդյունքում. «Դա նաև քվոտավորման արդյունքում էր։ Քվոտավորումը դրական տեղաշարժ արդեն արձանագրում է։ Չնայած, որ օրենքում 25% քվոտավորումն էր պարտադիր, բայց Գյումրիում և Վանաձորում կուսակցությունները միջինում 30% կանանց մասնակցություն էին ունեցել իրենց ցուցակներում։ Հոկտեմբերի 2-ի դրությամբ ավագանու 3012 թեկնածուներ են եղել, որոնցից 336-ն են կանայք, ինչը 11% է կազմում»։
Իսկ Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանի խոսքով՝ ամենաշատ կին գյուղապետ ընտրվել է 2010-ին՝ 24 հոգի, իսկ դրանից հետո մի քիչ նվազեց։ Հոկտեմբերի 2-ին ընտրվեց 7 կին գյուղապետ։ Ցածր մասնակցության մասով ասեմ, որ կան որոշ խտրական խնդիրներ, որոնք վերջին տարիներին նվազում են։ Ադմինիստրատիվ խնդիրներ էլ են լինում, երբ, օրինակ՝ կինը դառնում է գյուղապետ, ու մարզպետի մոտ նիստ է լինում, 110 տղամարդ և 2 կին են լինում, ինչը կանանց համար մի քիչ դժվար է»։